ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Էսկո-ֆարմ» ՍՊ ընկերությանը 06.09.2024 թ. տրվել է կարգադրագիր` «Դիմեկսիդ 100 մլ (դիմեթիլսուլֆօքսիդ)» խտանյութ արտաքին կիրառման լուծույթ ապակե շշիկում դեղի 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին արտադրված 090724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 100724 (պիտանիության ժամկետ՝ 07.2027), 110824 (պիտանիության ժամկետ՝ 08.2027) սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։ Այդ մասին ասված է ԱԱՏՄ Ֆեյսբուքի էջում:
«Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ստացված թիվ 01/01/1781-24 գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը՝ ըստ որի հաստատված պատրաստի արտադրանքի պահեստում հայտնաբերվել է վերոնշյալ խմբաքանակների որոշ միավորների թերի խցանավորում, ինչը հանգեցրել է արտադրանքի արտահոսքի և բերել է տուփի և խմբակային փաթեթավորման արկղերի արտադրանքով թրջմանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ ոչ ստերիլ դեղերի թերի առաջնային փաթեթավորում, անհրաժեշտ է իրականացնել վերոնշյալ սերիաների շրջանառության դադարեցում և հետ կանչ։
Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից»,- նշված է գրառման մեջ։