Չինական Մեծ պատի վրայով մագլցող քաղցած զբոսաշրջիկները այժմ կարող են իրենց սնունդը պատվիրել և րոպեների ընթացքում ստանալ անօդաչու թռչող սարքերի միջոցով, փոխանցում է CNN-ը:
Սննդի առաքման չինական Meituan ընկերությունն ունի նոր անօդաչու ծառայություն, որը Պեկինի ծայրամասի հնագույն հուշարձանի հեռավոր հատվածում գտնվող հաճախորդներին կհասցնի սնունդ, խմիչք, բժշկական պարագաներ:
Սա մայրաքաղաքի անօդաչու թռչող սարքերի առաջին ծառայությունն է, որը տեմպ է տալիս արագ զարգացող անօդաչու թռչող սարքերի առաքման բիզնեսին ողջ Չինաստանում։ Արդյունաբերությունը հարմարավետություն է բերել ինչպես քաղաքներում, այնպես էլ դժվարամատչելի գյուղական վայրերում ապրող մարդկանց:
Անօդաչու սարքերի միջոցով 50 րոպե տևողությամբ ուղևորությունը կարելի է անցնել 5 րոպեում։
Ծառայությունը պատվերներ կընդունի առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 16.00-ն, որից հետո անօդաչուներին հանձնարարվելու է աղբը տեղափոխել վերամշակման կայաններ:
Սակայն անօդաչու սարքերը դեռևս մարդկային օգնության կարիք ունեն։
Պատվերը ստանալուց հետո Meituan-ի աշխատողն այն կվերցնի մոտակա խանութից և կտանի հյուրանոցի տանիք, որտեղ այն կկշռվի և կփաթեթավորվի: Այնուհետև օպերատորը փաթեթը կկցի անօդաչու սարքին, որն ավտոմատ օդաչուով թռչելու է դեպի դիտաշտարակ, որտեղ մեկ այլ աշխատող սպասում է այն ստանալուն:
Վերջին տարիներին Չինաստանում անօդաչու սարքերի առաքման ծառայություններն արագորեն ընդլայնվել են:
2016-ին էլեկտրոնային առևտրի հսկան (JD) մեկնարկեց անօդաչու թռչող սարքերի առաջին փորձարկումը դեպի գյուղեր առաքման համար: Մինչև 15 կիլոգրամ քաշ տեղափոխելով առավելագույնը 20 կիլոմետր (մոտ 12 մղոն) հեռավորության վրա՝ այդ ԱԹՍ-ները ոլորապտույտ լեռնային ճանապարհներին 4 ժամ տևող առաքման ընթացք կրճատեցին մինչև 20 րոպե: