Փարիզի «բարձր» նկատողությունն Անկարային

Ֆրանսիայի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ընդդիմության առաջնորդի և նրա համակիրների հանդեպ վերաբերմունքից: «Որպես Եվրախորհրդի անդամ և Եվրամիության անդամության թեկնածու երկիր՝ Թուրքիան կամավոր պարտավորություն է ստանձնել այս ոլորտում։ Այս պարտավորությունների կատարումը մեր հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների կենտրոնական տարրն է»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Այս հայտարարությունը առավել ուշադրություն է գրավում այն հաճախակիացած շփումների ֆոնին, որ վերջին ամիսներին նկատվում էր Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների միջև: Համենայն դեպս, վերջին չորս ամիսներին նրանք խոսել են գրեթե ամեն ամիս, ինչը թուրք-ֆրանսիական հարաբերության համար, ըստ էության, բավականին հազվադեպ դինամիկա է: Ահա այդ ֆոնին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Թուրքիայում տեղի ունեցողի հանդեպ, ըստ էության՝ կարող է նշանակել, որ ֆրանս-թուրքական բարձր մակարդակի «մեղրամիսը», որ տևել է մոտ չորս ամիս, կարող է ավարտվել:

Համենայն դեպս, պարզ է, որ Թուրքիան, ըստ էության, չի կարող չնկատել Ֆրանսիայից հնչող դիտողությունը: Հետևաբար, կամ Էրդողանը կուլ պետք է դա տա, կամ նա պետք է արձագանքի և դրանով իսկ կառաջանա որոշակի լարում: Մյուս կողմից, Ֆրանսիան թերևս բաց չի թողնում պահը Թուրքիայի հանդեպ իր այսպես ասած եվրոպական վերադասության դրսևորման համար՝ հաշվի առնելով այն համարձակ և հավակնոտ հայտարարությունները, որ Էրդողանն անում էր ԱՄՆ ու Եվրոպայի միջև առաջացած հակադրության ֆոնին՝ եվրոպական անվտանգության «ինքնուրույն» համակարգի վերաբերյալ քննարկումների համատեքստում:

Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ անվտանգ Եվրոպա: Ֆրանսիան, որ ներկայացնում է Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ճարտարապետի և առաջնորդի հայտ, ըստ էության՝ լռում էր այդ առնչությամբ, բայց հիմա թերևս բաց չի թողել առիթն Անկարային բարձր դիրքից եվրոպական արժեքների հիշեցման համար: Բացառված չէ նաև, որ Փարիզը մտահոգ է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ մարտի 25-26-ին ԱՄՆ կատարելիք պաշտոնական այցով, որն առաջինն է Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնամուտից ի վեր: Ֆիդանն այնտեղ հանդիպելու է պետքարտուղար Ռուբիոյին: Կլինի՞ շփում Թրամփի հետ, թե ոչ, հայտնի չէ: Ֆրանսիան գուցե մտահոգ է, որ Անկարան կարող է այդ այցի ընթացքում պայմանավորվածությունների, կամ ինչպես Թրամփն է ասում՝ գործարքի հանգել Վաշինգտոնի հետ: Այդ դեպքում, իհարկե, Թուրքիան կարող է Եվրոպայի համար դառնալ գլխացավանք մեկ այլ ասպեկտով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *