Ֆիդանին «կանչել են մրցագո՞րգ», թե նա «նախապայմաննե՞ր է տանում» Վաշինգտոն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ կհանդիպի պետական քարտուղար Մարկո Ռուբիոյին և ամերիկյան բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»՝ հղելոց Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրներին:

Սպիտակ տան վարչակազմի փոփոխությունից հետո դա Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Վաշինգտոն առաջին այցն է, որի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների մակարդակով այցերի նախապատրաստումը:

Ռուբիո-Ֆիդան բանակցություններում, ինչպես «Անադոլուի» աղբյուներն են մատնանշել, առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպիսիք են իրավիճակը Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև այդ ասպարեզներում համագործակցության հնարավորությանը: Ֆիդանը, մասնավորապես, կներկայացնի տարածաշրջանային առանցքային հարցերոմ Թուրքիայի դիրքորոշումը և կընդգծի Սիրիայում կայունությանը և նրա տարածքային ամբողջականությանն աջակցությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կքննարկի նաև Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման, ինչպես նաև ահաբեկչության դեմ թուրք-ամերիկյան համատեղ պայքարի հնարավորությունը: Ֆիդանը կկարևորի ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը և դրանց իրականացման գործընթացում ներդրում ունենալու Անկարայի պատրաստակամությունը: Ֆիդանը կքննարկի նաև Գազայում տևական հրադադարի հաստատման և մարդասիրական օգնության ծավալման հետ կապված հարցեր՝ ընդգծելով Իսրայելի նկատմամբ ԱՄՆ ազդեցության կարևորությունը: Անկարան մտադիր է նաև քննարկել F 35 կործանիչների ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերականգնելու, ռազմաարդյունաբերության բնագավառում համագործակցությունը ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխանեցնելու հետ կապված հարցերի համալիրը:

Եթե համադրենք «Անադոլուի» դիվանագիտական անոնսի շեշտադրումները, ապա կստացվի, որ Թուրքիան Միացյալ Նահանգներից ակնկալում է Սիրիայից ռազմական սահմանափակ ուժերի դուրսբերում, Գազայում Իսրայելի հարձակումների կասեցում և ուկրաինական կարգավորմանն Անկարայի մասնակցություն:

Ըստ երևույթին՝ այս հարցերը կարևոր են նաև Վաշինգտոնի համար, բայց դժվար է կողմնորոշվել՝ Ֆիդանը հրավիրվել է, որպեսզի Թուրքիայի հետագա քայլերի ամերիկյան «հուշաթերթի՞կ» ստանա, թե՞ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր արտաքին գործերի նախարարին ԱՄՆ է գործուղել, որպեսզի ներկայացնի թուրք-ամերիկյան համագործակցության իր նախապայմաննե՞րը:

Իրավիճակը չափազանց «նուրբ» է ոչ միայն նրանով, որ գլոբալ հարցերում Թրամփի վարչակազմը «հաշվեկշռից դուրս է թողնում ռեգիոնալ տերություններին», այլև Թուրքիայի ներքին կացությամբ: Վաշինգտոնն ինչո՞ւ է Ֆիդանին հյուրընկալելու ժամանակ ընտրել Թուրքիայում «ճոճքի» պահը, երբ Էրդողանը, չնայած հրապարակային հոխորտանքներին, ամենևին էլ հեղինակության ամենաբարձր կետում չէ:

ԱՄՆ նոր վարչակազմի հետ «անզիջում» երկխոսության քարոզչությունը, որ «Անադոլուն» ակնհայտորեն որդեգրել է, ներքաղաքական թիրախներ խոցելու նպատակ ունի: Իրականում ի՞նչ արդյունքի կհասնի Հաքան Ֆիդանը՝ պարզ կլինի Վաշինգտոն նրա այցին հաջոդած տեղեկատվական և վերլուծական բնույթի հոսքերից: Մի բան, սակայն, ակնհայտ է. Անկարան ի զորու չէ փոխել Իսրայելին ԱՄՆ անվերապահ աջակցությունը: Էրդողանը պատրա՞ստ կլինի իշխանություն պահելու գնով կլել այդ դառը դեղահաբը: Դա, ամենայն հավանականությամբ, կնշանակի փակել անկախ Պաղեստինի հարցը, դրանով իսկ հրաժարվել Մերձավոր Արևելքի «օսմանյան աշխարհագրության վերականգնման» իդեա-ֆիքսից: Ֆիդանին Վաշինգտոն են հրավիրել, որպեսզի այդքանը հասկացնե՞ն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *