«Հրապարակ» թերթը գրել է․
Մինչ Ադրբեջանը Հայաստանին փորձում է որպես ագրեսոր ներկայացնել եւ հընթացս նորանոր պահանջներ առաջ քաշել, Հայաստանի իշխանությունները քննարկում են խաղաղության պայմանագիր-համաձայնագիր կոչվող փաստաթուղթը միակողմանի ստորագրելու հարցը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների գլուխներն արդուկել է, որ եթե այսպես շարունակվի, եւ Ալիեւը չհամաձայնի քննարկել համաձայնեցված թղթի ստորագրման ժամկետները, ապա կարելի է դա անել միակողմանի՝ այդպիսով ապահովագրվելով հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունից, ներքին լսարանին ցույց տալու համար, որ ինքն ամեն ինչ արել է խաղաղության հասնելու համար։ Իրականում չի բացառվում, որ Փաշինյանն ու Ալիեւը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Ալիեւի որոշ պահանջների իրականացումն արվի ռազմական ճանապարհով, թերեւս այդ պատճառով է Փաշինյանը մեկը մյուսի հետեւից ֆեյսբուքյան գրառումներ անում, մե՛կ պատրաստակամություն հայտնում` իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ, մե՛կ Ալիեւին առաջարկում՝ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
«Խաղաղության պայմանագիրը» միակողմանի ստորագրելու հեռանկարը փորձագիտական շրջանակների կողմից հակասական մեկնաբանությունների է արժանանում` ոմանք մտահոգիչ են համարում այդ քայլը՝ կարծիք հայտնելով, որ այն անխուսափելիորեն վատ հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար, ոմանք էլ պնդում են, որ միակողմանի ստորագրության պարագայում այն դառնալու է իրավաբանական հետեւանքներ չառաջացնող, սակայն դիվանագիտական տեսանկյունից խայտառակ փաստաթուղթ։
Դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը եւս այն կարծիքին է, որ միակողմանի ստորագրությունը հետեւանք չի առաջացնելու Հայաստանի համար։ «Որքան ես հասկանում եմ, միակողմանի ստորագրության դեպքում դա չի կարող լինել պայմանագիր, կդառնա ցանկությունների դեկլարացիա, որեւիցե պարտավորություն մյուս կողմից չի ենթադրվում։ Գուցե փորձելու են դեկլարացիա անել` իր անունից, իր կուսակցության անունից, անունը դնել հռչակագիր, բայց դա դիտարկել համաձայնագիր, պայմանագիր, առավել եւս՝ միջազգային, աբսուրդ է»,- ասում է նա՝ շեշտելով, որ միջազգային պրակտիկայում նման բան հայտնի չէ, երբ միջազգային պայմանագիրը միակողմանի ստորագրվի։
ԼՀԿ ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ միջազգային իրավունքի պրակտիկայում գոյություն ունի միակողմանի պարտավորությունների ստանձնման ինստիտուտ, եւ հենց այդ հիմքով էլ հետեւանքներն անխուսափելի են լինելու։ «Պարտավորությունը կատարելու է ստորագրող կողմը, մյուս կողմը որեւէ պարտավորություն չի ունենում։ Պատկերացնենք՝ ՀՀ վարչապետը ստորագրում է միակողմանի, դա նշանակում է արդեն փաստաթղթով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն դեպքում, որ Ադրբեջանը շարունակում է մեզ չճանաչել, դուրս չի գալիս ՀՀ օկուպացված տարածքներից: Եվ Ադրբեջանից հնչելու են պահանջներ՝ քանի որ դուք ստորագրել եք, մենք սպասում ենք վերջին համաձայնեցված երկու կետերի իրագործմանը, դրանք են՝ հենց հիմա ԵՄ դիտորդներին հանեք հայ-ադրբեջանական սահմանային այցերից եւ հենց հիմա դիմեք եվրոպական դատարաններ ու հետ կանչեք հայցերը»,- ասում է Մարուքյանը: «Մեզ ասելու են՝ ստորագրել եք, պետք է անեք, տարեք` մի հատ էլ վավերացրեք, դիտորդներին հանեք, սա արեք, նա արեք։ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, միջազգային պայմանագրերը պարտադիր կատարման ուժ ունեն ստորագրող կողմերի համար»։ Նրա խոսքով, չի կարելի կառուցողական ձեւանալ աշխարհի առջեւ՝ ստորադասելով պետական շահերը:
Ի դեպ, ադրբեջանական կողմը, արդեն իսկ օգտվելով Փաշինյանի հիշյալ հայտարարություններից, ստուգողական թեստեր է առաջ քաշում, վերջին օրերին նրանց ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Գրում են. «Եթե Երեւանն իրոք պատրաստ է «հենց այժմ», ինչպես հավաստիացնում է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, Հայաստանն ինչո՞ւ է խուսափում Բաքվի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի ֆորմալ լուծարման հարցով»։ Եվ հավելում, որ, ի տարբերություն սահմանադրության փոփոխությունների եւ դրա շուրջ հանրաքվեի, այդ քայլը ժամանակ չի պահանջում: Եվ կոչ են անում Հայաստանի Հանրապետությանը՝ դա անել, որպեսզի մեր «անկեղծության նկատմամբ վստահություն» ձեւավորվի իրենց մոտ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։