ՔՊ-ն բիրտ ուժով կարող է զավթել համայնքային իշխանությունը, բայց անկարող է ապահովել ժողովրդի վստահությունը

Հաշված օրեր են մնացել Գյումրու արտահերթ ընտրություններին, որն իր կարևորությամբ ձեռք է բերել գրեթե համապետական նշանակություն, քանի որ այն որոշ առումով ոչ միայն լակմուսի թուղթ է քաղաքական ուժերի համար, այլև պլացդարմ՝ 2026 թվականի համապետական ընտրությունների։ Այդ պատճառով էլ հատկապես իշխանությունները պատրաստվում են կենաց մահու պայքար մղել։

Ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք իրենց տրամաբանությամբ ու դերով պետք է տարբերվեին համապետական ընտրություններից, վաղուց Հայաստանում ձեռք են բերել քաղաքական նշանակություն։ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում, կրկնում եմ, վաղուց կոչված են ոչ թե կամ ոչ միայն լուծելու համայնքների խնդիրները, այլ հանդիսանում են քաղաքական հենարան բոլոր ուժերի համար։

Հետևաբար Գյումրիում պարտվելը իշխանությունները ինչ-որ չափով դիտարկում են նաև պարտություն՝ գալիք ընտրություններում։ Սակայն, եթե նույնիսկ վարչական ու ֆինանսական ռեսուրսների օգնությամբ, պետական ապարատի աշխատողների նկատմամբ ճնշում գործադրելով, ընտրական գործընթացների խախտմամբ կամ ընտրություններից հետո կոալիցիոն հուշագրերի տեսքով ՔՊ-ին հաջողվի Սարիկ Մինասյանին հռչակել Գյումրու քաղաքապետ, միևնույնն է ՔՊ-ն պարտված է Գյումրիում։

Կա մի կարևոր հանգամանք, որի վրա այսօր քչերն են ուշադրություն դարձնում, այն է, որ ՔՊ-ն արդեն իսկ պարտված է Գյումրիում, պարտվել էր դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ, երբ հաղթեց «Բալասանյան դաշինքը» և միայն իշխանական լծակների ճնշմամբ ՔՊ-ն հասավ արտահերթ ընտրությունների։ Սա վառ ապացույցն է նրա, որ Գյումրին չի վստահում ու մերժում է ՔՊ-ին։ Գյումրիում ավագանու այսօրվա արտահերթ ընտրությունները ՔՊ-ի նախորդ ժամանակահատվածում պարտության արդյունքն է։

Գյումրին միակ օրինակը չէ, իշխանությունները հիմնականում բոլոր խոշոր համայնքներում պարտություն են կրում և նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց հաջողվում է բառիս բուն իմաստով խլել հաղթանակը այլ ուժերից ու ժողովրդավարական սկզբունքների ամբողջական ոտնահարմամբ, ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցմամբ իրենց թեկնածուին հռչակել համայնքի ղելավար, միևնույնն է, դա չի ապահովում նրանց հաղթանակը։ Դա պյուռոսյան հաղթանակ է։

Նույն պատկերն է նաև Երևանում։ Վերջին ընտրությունների ժամանակ ՔՊ-ն չստացավ երևանցիների վստահությունը և Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձավ բացառապես այլ ուժի հետ կոալիցիոն հուշագրի շնորհիվ։

Կարեն Կարապետյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *