«Ինչու վատնել Ձեր ժամանակը կամ Միացյալ Նահանգների ժամանակը: Ինչու ես պետք է գամ նախագահի մոտ և առաջարկեմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան ավարտել երկխոսության միջոցով, իսկ հետո չկարողանանք դա անել: Դա վատ քաղաքական ռազմավարություն է։ Եթե ես չմասնակցեմ այդ գործընթացին, գնահատական տամ, հետո նախագահին ասեմ, որ երկխոսության միջոցով կարող ենք արդյունքի հասնել, միայն այդ դեպքում մասնակցությունը իմաստ կունենա։
Այդ հաշվարկները կիրառելի են ոչ միայն Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Ադրբեջանի և Հայաստանի համար». այդ մեջբերումը ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հարցազրույցից է, որ նա տվել է ամերիկացի հեղինակավոր լրագրող Թաքեր Կարլսոնին: Ուիթկոֆի հարցազրույցի այդ դրվագը, հատկապես դրանում Հայաստանի և Ադրբեջանի գործընթացի հիշատակումը, մասնավորապես, ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ եղավ մարտի 14-ին:
Մարտի 14-ին Ուիթկոֆը մեկնել էր Մոսկվա և բանակցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի նախապատրաստման և ռուս-ամերիկյան երկխոսության համատեքստում: Մոսկվայից Ուիթկոֆի օդանավը մեկնել էր Բաքու և մի քանի ժամ անցկացրել այնտեղ: Իհարկե, պաշտոնական հանդիպումների մասին չի եղել խոսք, նաև չի եղել արտահոսք ոչ պաշտոնական հանդիպումների կամ շփումների մասին, բայց հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչի՞ համար էր Ուիթկոֆը Մոսկվայից մեկնել Բաքու:
Իհարկե, եղավ այսպես ասած բացատրություն, ընդ որում դարձյալ ոչ պաշտոնական, որ Ուիտկոֆի օդանավը Մոսկվայից հեռանալիս Բաքու է մեկնել լիցքավորվելու և տեխնիկական սպասարկման նպատակով: Սակայն, եթե այդ նպատակով նա մարտի 14-ին Մոսկվայից մեկնել էր Բաքու, այդ դեպքում ինչո՞ւ նույնը չէր եղել երկու շաբաթ առաջ երբ նույն Ուիթկոֆը դարձյալ մեկնել էր Մոսկվա և բանակցել ռուսական կողմի հետ: Ինչո՞ւ այդ ժամանակ էլ նրա օդանավը լիցքավորման կամ տեխնիկական սպասարկման համար չէր մեկնել Բաքու:
Իհարկե, որևէ կերպ կասկածի տակ չեմ դնում, որ Բաքվում օդանավը լիցքավորվել է, այսպես ասած՝ սպասարկվել: Բայց այն, որ դրա համար այս անգամ ընտրվել էր Բաքուն, թերևս կարող է նշանակել, ու Ուիտկոֆի այցի համար պետք էր այսպես ասած առիթ, որն էլ եղել է օդանավը, իսկ բուն պատճառը եղել են Բաքվում անցկացրած մի քանի ժամի ընթացքում ոչ պաշտոնական շփումները: Ո՞ւմ հետ են եղել դրանք, դժվար է ասել, սակայն մեծ հավանականությամբ դրանք եղել են, եթե ոչ Ալիևի, ապա առնվազն նրա համար շատ վստահելի անձանց հետ, հակառակ դեպքում հազիվ թե ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակ ունեցող Ուիթկոֆը հանդիպեր ավելի ցածր ռանգի ունեցողների հետ:
Կարլսոնին հարցազրույցում նա փաստորեն խոսում կամ ակնարկում է այն մասին, որ ԱՄՆ ներկայումս չունի հայ-ադրբեջանական պրոցեսում արդյունավետ ազդեցության հնարավորություն: Դա Բաքվում անցկացրած ժամերից և շփումներից արված եզրակացությո՞ւնն է: Բարդ է ասել միարժեք: Մյուս կողմից հարկ է հիշել, որ Ուիթկոֆից հետո արդեն պաշտոնապես Ադրբեջանի հետ հաղորդակցվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ուոլցը, որը Իքսում գրառում էր արել Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի հետ հեռախոսազրույց ունենալու մասին: Գրառման մեջ նա նշել էր, որ Հաջիևի հետ խոսել է Կովկասում խաղաղության հաստատման կարևորության, բանտարկված անձանց ազատելու և այլ հարցերի մասին: Իհարկե, այդ իրազեկող գրառումը թույլ չի տալիս ստույգ եզրակացնել, թե հատկապես ինչ բովանդակությամբ ու շեշտադրումներով է խոսել Ուոլցը այդ թեմաների վերաբերյալ: Չի բացառվում, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացի հանդեպ դիրքավորման և դինամիկայի առնչությամբ Թրամփի վարչակազմում կան իրարամերժ կարծիքներ ու մոտեցումներ: