BRICS երկրների կողմից ստեղծված Նոր զարգացման բանկի (ՆԶԲ) նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության կայուն զարգացումը ապահովելու համար ՆԶԲ-ն նպատակ ունի ընդլայնել տեղական արժույթների օգտագործումը։
«ԱՄՆ դոլարը հաճախ ապակայունացնող դեր է խաղում զարգացող երկրների ֆինանսական շուկաներում։ Հետեւաբար, ՆԶԲ-ի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը տեղական արժույթների օգտագործման ընդլայնումն է։ Մենք որոշել ենք, որ բանկի ընդհանուր ֆինանսավորման մինչեւ 30%-ը տեղական արժույթներով կլինի»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսեֆի այս խոսքերը։
Նա ասել է, որ ՆԶԲ-ն ուսումնասիրում է տարբեր երկրների միջեւ փոխադարձ հաշվարկների համար թվային հարթակներ ստեղծելու հնարավորությունը։
Նոր զարգացման բանկը ստեղծվել էր BRICS երկրների կողմից 2014 թվականի հուլիսին։
ՆԶԲ-ի անդամներ են Բանգլադեշը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Ռուսաստանը եւ Հարավային Աֆրիկան:
Բանկի սեփական կապիտալը $100 միլիարդ է: