Mastercard-ը նախատեսում է հրաժարվել գաղտնաբառերից ու հաստատման կոդերից վճարումների ժամանակ՝ փոխարինելով դրանք կենսաչափական նույնականացմամբ:
Այս մասին Bloomberg-ին ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Միբախը, հայտնում է ՌԲԿ-ն։
Ծրագիրը նախատեսվում է Եվրոպայում իրականացնել մինչեւ 2030 թվականը։
Մոտ 10 տարի առաջ Mastercard-ը ներմուծել էր տեխնոլոգիա, որը վճարային քարտի համարը փոխարինում է եզակի թվային կոդով՝ տոկենով։ Այժմ ընկերությունն ամեն շաբաթ մշակում է 1 միլիարդ նման գործարք, ասել է Միբախը:
Նա նկատել է, նախկինում թվում էր, որ գաղտնաբառերը օգնում են պաշտպանել ֆինանսական գործարքների մասին տվյալները. «դա որոշ ժամանակ աշխատեց, սակայն հիմա վերածվել է խոցելիության»: Մայքլ Միբախը նշել է, որ հաքերներն ավելի հաճախ են գրոհում այն կայքերը, որոնք պահանջում են մեկանգամյա կոդ մուտքագրել գնորդի ինքնությունը հաստատելու համար։