Լոնդոնն ու Թեհրանը բարկացրել են Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Իրանին՝ հայտարարելով, որ այդ հարցը չի լքում օրակարգը և այն իր համար գլխավոր կետերից մեկն է, որին պետք է հետևել ուշադիր: Թրամփը հայտարարել է, որ կամ պետք է նստել բանակցության սեղանին և ամեն ինչ քննարկել, կամ Իրանի հետ կկատարվեն վատ բաներ: «Իսկ ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա», – հայտարարել է Թրամփը՝ ասելով, որ հույս ունի Իրանի հարցում ամեն ինչ կարգավորել:

Թրամփի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Օմանի միջոցով փոխանցել են Թեհրանի պատասխանը ԱՄՆ նախագահի նամակին, որ Էմիրությունների միջոցով Իրանին է փոխանցվել շաբաթներ առաջ: Նամակը հասե՞լ է Թրամփին ու նա դժգո՞հ է պատասխանի բովանդակությունից, թե՞ Օմանի միջոցով փոխանցված պատասխանը Թրամփին դեռ չի հասել, իսկ Իրանի թեմային անդրադառնալու նրա պատճառն այն հեռախոսազրույցն է, որ նախօրեին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի միջև:

Այդ հեռախոսազրույցում խոսվել է Իրանի միջուկային ծրագրի մասին, Լեմին հայտնել է դրա շուրջ համաձայնությանն աջակցելու եվրոպական եռյակի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի պատրաստակամությունը: Թեհրանն իր հերթին հայտնել է եվրոպական պատժամիջոցները չեղարկելու ակնկալիք: Եվրոպական եռյակը ներկայումս Դոնալդ Թրամփի աշխարհաքաղաքական մրցակիցների շարքում է, այդ թվում նաև ներարևմտյան էլիտաների դիմակայության համատեքստում: Իսկ քանի որ Իրանի հարցը Թրամփի համար առանցքայիններից մեկն է, ապա զարմանալի չէ, որ Լոնդոնի և Թեհրանի միջև հեռախոսազրույցը կարող էր առաջացնել նրա դժգոհությունը կամ մտահոգությունը:

Այդ հեռախոսազրույցից հետո անդրադառնալով Իրանի թեմային վերստին՝ կամ-կամ-ի տրամաբանությամբ, ԱՄՆ նախագահը, ըստ ամենայնի, ակնարկում է Իրանին, որ իր աշխարհաքաղաքական մրցակիցների հետ պայմանավորվածությունները կարող է գնահատել ապակառուցողական: Հարցն այն է, իհարկե, թե ի՞նչ կարող է անել Թրամփը, եթե Թեհրանը, այդուհանդերձ, իր այսպես ասած ճկունության համար շարունակի խաղալ եռյակի հետ:

Թրամփին, իհարկե, գուցե զայրացնում է այն, որ Իրանը հրաժարվում է ԱՄՆ հետ ուղիղ բանակցությունից, իսկ ահա եվրոպացիների հետ ուղիղ բանակցության հարցում պատրաստակամ է: Արդյո՞ք Եվրոպայի հետ խաղալն այս դեպքում Իրանի հետ կարող է հավասարազոր լինել «կրակի հետ խաղալուն», թե՞, այդուհանդերձ, Թրամփի կոշտ հայտարարություններն ու սպառնալիքները Թեհրանը գնահատում է ավելի շուտ շանտաժ, որին տեղի տալը դիտարկում է ոչ թե պայմանավորվածության, այլ միակողմանի զիջելու նախադրյալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *