Ո՞ւմ համար է Բաքվում երկրորդ կաթոլիկ եկեղեցին կառուցվում

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն ընդունել է Վատիկանի պետական քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալախերին, որ կոորդինացնում է Սուրթ աթոռի միջպետական և միջազգային կառույցների հետ կապերը, փաստացի «արտաքին գործերի նախարար է»:

Նրա Բաքու այցի առիթը կաթոլիկ եկեղեցու շինարարության համար հատկացված հողատարածքի օծման արարողությունն էր: Ավարտվող տարվա մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ կառավարությունը Բաքվի Յասամալի շրջանում 0,17 հեկտար հողատարածք է հատկացրել, որպեսզի կառույցվի կաթոլիկ եկեղեցի:

Այդ կապակցությամբ «Թուրան» գործակալությունը տարակուսանք է հայտնել, թե ու՞մ պետք է սպասարկի կաթոլիկ երկրորդ տաճարը, եթե Ադրբեջանի կաթոիլիկ համայնքն ունի «ոչ ավելի, քան 2000 անդամ, որ հոգևոր հաղորդություն են ստանում արդեն տասնհինգ տարի գործող եկեղեցում»:

Բաքվում նախանցյալ դարավերջին կաթոլիկ մեծ համայնք է ձևավորվել, որ ունեցել է հոգևոր մի քանի կենտրոն: Ցարական կայսրության փլուզումից հետո եվրոպացի հազարավոր գործարարներ, որ կաթոլիկ էին, Բաքվից հեռացել են: Վերջին «մոհիկանները», որ Գանձակի շրջանում հաստատված գերմանացիների ժառանգներ էին, խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքից Ղազախստան և Ալթայի երկրամաս են աքսորվել Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարում: Ստալինը կասկածում էր, որ նրանք կարող են հավաքագրվել գերմանական հետախուզության կողմից:

Ովքե՞ր են Բաքվում այսօր հաստատված կաթոլիկները: Ամենայն հավանականությամբ՝ գործարարներ, որ վաղը կարող են տեղափոխվել այլ երկիր կամ վերադառնալ հայրենիք: Ասել, թե Վատիկանում այդ հեռանկարը չի գնահատվում կամ Իլհամ Ալիևը չգիտի, թե Բաքվում քանի կաթոլիկ է եկեղեցի հաճախում՝ միամտություն կլիներ:

Վատիկանը և Ադրբեջանի իշխող ընտանիքը վաղեմի կապեր և ընդհանուր շահեր ունեն: Արքեպիկոպոս Գալախերը հանդիպումներ է ունեցել «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատասխանատուների հետ: Հայտնի է, որ այդ հիմնադրամի, փաստացի՝ Ալիևների ընտանեկան միջոցների հաշվին Վատիկանում վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Ամենայն հավանականությամբ, ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

Բաքվում երկրորդ կաթոլիկ եկեղեցու հողատարածքի օծման կրոնական արարողությունը Վատիկանի դիվանագիտական ծածկաքողն է: «Թուրանի» խմբագրականն ակնարկել է, որ Ադրբեջանի իշխանությունը շահագրգռված է, որ Վատիկանի «արխիվները բացվեն նաև ադրբեջանցի գիտնականների համար»:

Խոսքն ինչի մասին է, կարելի է ենթադրել: Մի քանի ամիս առաջ Վատիկանի պաշտոնաթերթը Կովկասյան Աղվանքի մասին հոդված է հրապարակել՝ պաշտպանելով պատմա-քաղաքակրթական ադրբեջանական թեզը: Դա Ալիևի իշխանության համար չափազանց կարևոր է: Բաքուն խնդիր ունի հասնել Արցախի և ամբողջ Արևելյան Այսրկովկասի պատմամշակութային ժառանգության «աղվանական ծագման տեսության» միջազգայնացման:

Վատիկանի թեկուզ ոչ բացահայտ աջակցությունն այս առումով այնքան կարևոր է, որ Իլհամ Ալիևը կաթոլիկ երկրորդ կամ երրորդ եկեղեցու կառուցման համար միջոցներ չի խնայի: Եվ՝ ոչ միայն: Նա կարող է հոգևոր առաջնորդ Փաշազադեին պարտադրել, որ Վատիկանի ներկայացուցչի հետ երկխոսության ժամանակ Ադրբեջանը հայտարարի քրիստոնեական դավանանքի «օրրան»:

Ալիևը Լեռնային Ղարաբաղում քաղաքակրթական ոճրագործություն է իրականացնում: Բաքվում երկրորդ կաթոլիկ տաճարի կառուցումը Վատիկանի հետ այդ հարցում համախոհությունը քողարկելու քայլ է: Ի՞նչ քայլ ունի Հայաստանը: Ունի՞:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *