• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

IIF. 2009-ի ֆինանսական ճգնաժամի ցածր աճը կկրկնվի 2023-ին

ByEditor

Nov 25, 2022

Համաշխարհային տնտեսության աճը 2023 թվականին կդանդաղի մինչեւ 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ համեմատելի մակարդակ։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Միջազգային ֆինանսների ինստիտուտի (Institute of International Finance, IIF) վերլուծաբանների կողմից պատրաստված հետազոտությունը։ Հետազատողների խումբը ղեկավարել է IIF-ի գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը, ով տարեսկզբին առաջիններից կանխատեսեց եվրոյի եւ դոլարի պարիտետը:

Հետազոտության մեջ նշվում է, որ համաշխարհային ՀՆԱ-ն 2023 թվականին կաճի 1,2%-ով։ Հիմնական էֆեկտների ճշգրտմամբ՝ սա նույն ցածր աճն է, ինչ 2009 թվականին:

Համաշխարհային ՀՆԱ-ի դանդաղման սրությունը հիմնականում կախված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքից, կարծում են IIF-ի վերլուծաբանները։ «Մեր հիմնական սցենարն այն է, որ ռազմական գործողությունները կձգձգվեն մինչեւ 2024 թվականը»,- նշվում է հետազոտության մեջ:

IIF-ում հայտնել են, որ տնտեսական աճի դանդաղում տեղի կունենա Եվրոպայում, որն ամենաշատն է տուժել ուկրաինական իրադարձություններից. Եվրոգոտու երկրների տնտեսությունը կնվազի 2%-ով։ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն 2023 թվականին կաճի 1%-ով։

Ընդհանուր ֆոնի վրա «դրականորեն կառանձնանա» Լատինական Ամերիկան, որտեղ տնտեսական աճը կկազմի 1,2%։ Վերլուծաբանները նշում են, որ մայրցամաքի երկրների հումքային ապրանքներ արտահանողները կօգտվեն պարենի եւ էներգակիրների բարձր գներից:

IIF-ի տվյալների համաձայն՝ հաջորդ տարի համաշխարհային տնտեսության միակ խոշորագույն շարժիչ ուժը կլինի Չինաստանը, որն, ամենայն հավանականությամբ, կթուլացնի COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *