• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խոշոր ընկերությունների ոչ նյութական ակտիվների արժեքը մեկ տարում նվազել է 25%-ով

ByEditor

Nov 25, 2022

Աշխարհի խոշորագույն ընկերություններին պատկանող ոչ նյութական ակտիվների արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել է 25%-ով, վկայում են Brand Finance խորհրդատվական ընկերության տարեկան հաշվետվության արդյունքները։

Finmarket-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին այն կազմում է $57 տրիլիոն՝ նախորդ տարվա $76 տրիլիոնի դիմաց։

Ոչ նյութական ակտիվների արժեքի անկումն այս տարի հիշեցնում է 2011 թվականին 27%-ով նվազումը, սակայն այն երկու անգամ ավելի պակաս է 2008 թվականին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում գրանցված 59%-ով անկումից:

2022 թվականին Apple-ը դարձել է ոչ նյութական ակտիվների համաշխարհային առաջատարը՝ երկրորդ տեղից բարձրանալով առաջին հորիզոնական։ Ընկերության ակտիվների արժեքն աճել է 23%-ով՝ հասնելով $2,297 տրիլիոնի։

Saudi Aramco-ն երրորդ տեղից բարձրացել է երկրորդ տեղ (9% աճ՝ մինչեւ $1,786 տրիլիոն), մինչդեռ Microsoft-ն առաջին հորիզոնականից իջել է երրորդ տեղ (17% անկում՝ մինչեւ $1,586 տրիլիոն):

UnitedHealth Group-ի ակտիվների արժեքն աճել է 35%-ով՝ հասնելով $526 միլիարդի, ինչի արդյունքում ապահովագրական ընկերությունը վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ նախորդ տարվա տասներեքերորդի դիմաց:

Միաժամանակ, ակտիվների արժեքի զգալի նվազում է գրանցել Amazon-ը՝ 41%-ով (մինչեւ $870 միլիարդ) եւ չինական Tencent-ը՝ 73%-ով (մինչեւ $178 միլիարդ):

Ոլորտներից առավել զգալի աճ է գրանցել նավթի եւ գազի հատվածները (52% աճ)՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների եւ երեք ընկերությունների՝ Exxon Mobil-ի, Chevron-ի եւ Saudi Aramco-ի ոչ նյութական ակտիվների աճով։

Երկրների շրջանում ոչ նյութական ակտիվների ծավալը կտրուկ նվազել է Չինաստանում (70% անկում) եւ ԱՄՆ-ում (12% անկում)։ Միաժամանակ, ոչ նյութական ռեսուրսների համաշխարհային ծավալի 61%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 5%-ը՝ Չինաստանին։

Ոչ նյութական ակտիվները ոչ դրամական ակտիվներ են, որոնք չունեն ֆիզիկական բովանդակություն: Դրանք կարելի է բաժանել երեք կատեգորիայի՝ իրավունքներ (ներառյալ՝ վարձակալության համաձայնագրերը, պայմանագրերը), հարաբերություններ (ներառյալ՝ վերապատրաստված աշխատուժը) եւ մտավոր սեփականություն (ներառյալ՝ բրենդները, արտոնագրերը, հեղինակային իրավունքները):

Brand Finance Global Intangible Finance Tracker վարկանիշը, որը հետեւում է ոչ նյութական ակտիվների արժեքին, ներառում է ավելի քան $120 տրիլիոնի ընդհանուր շուկայական կապիտալիզացիայով շուրջ 59 հազար ընկերություն 150 երկրից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *