• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Մի դրամի ուժը». 4․017․648 դրամ ուղղվել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը

ByEditor

Apr 3, 2024

IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։

Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունը կուղղի Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «4090» հիմնադրամն է։

Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը նշել է․ «Ստեղծված լինելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ հիմնադրամը աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ կրթավճարների փոխհատուցման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման եւ վերապատրաստումների իրականացման միջոցով խթանելով նրանց հայրենիքում ապրելու եւ արարելու ձգտումը։ Քանի որ կրթությունը կարեւորող եւ մասնագիտական տեսանկյունից կայացած երիտասարդները մեր հասարակության հիմքն են, այս ամիս որոշեցինք, որ ապրիլ ամսվա շահառուն կլինի հենց 4090 հիմնադրամը»։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանն ասել է․ «Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը, որը հնարավորություն է տալու շուրջ հարյուր երիտասարդի փոխել կյանքի որակը կրթության միջոցով: Մեզ համար մեծ պատիվ է 2-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, քանի որ վստահությունը մեր հիմնադրամի անկյունաքարերից մեկն է: Խորհրդանշական է նաեւ, որ այս անգամ մենք դառնում ենք ապրիլ ամսվա շահառու, քանի որ մեր ուսանողներից մի քանիսը հանդիսանում են հենց 2016 ապրիլյան պատերազմի մասնակից նաեւ եւ իրենց համար սա խրախուսման շատ լավ առիթ է:
Ուրախալի է, որ «Մի դրամի ուժ»-ը կարեւորում է կրթությունը եւ գնահատում պատերազմի մասնակցի սխրանքը»:

«Դուք եւս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան․ այդ նպատակով պարզապես կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի եւ նախաձեռնությունների իրագործմանը։ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 20․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: