Դեկտեմբերի 10-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Այդ մասին Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, որ փոխանցել է պետական «Անադոլու» գործակալությունը, ոչ միայն շատ հակիրճ, այլև բավական սառն է և ավարտվում է այսպես: «Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Սիրիայի ներկայիս իրավիճակի կապակցությամբ»:
Ժամեր անց Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունը, որ աչքի է ընկնում երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության, եղբայրական համերաշխության մասին «քնարական զեղումներով»: Ըստ այդմ՝ Ալիևը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնություն ցուցաբերելու Սիրիա վերադարձողներին, ինչպես նաև մասնակցել վերականգնողական աշխատանքներին:
Զուգահեռաբար նույն լրատվամիջոցը նկատելի նյարդայնությամբ անդրադարձել է անցյալ ամիս հայ և թուրք պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկատվությանը, ինչից հասկացվում է, որ Բաքուն այդ մասին տեղեկացել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունից: «Հայաստանը և Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարել»,- արձանագրել է ադրբեջանական լրատվամիջոցը և ամփոփել, որ Անկարան մշտապես ասել է, որ Հայաստանի հետ սահմանը կբացի հայ-ադրբեջանական կարգավորումից հետո:
Նույն օրը, ըստ թուրքական մամուլի, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում հայտարարել է. «Մենք գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եզրափակիչ փուլում: Մեր երկիրը սատարում է երկկողմ բանակցություններին»,-իսկ մի խումբ դիվանագետների հետ հանդիպմանը նախագահ Էրդողանը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է բաց չթողնել պատմական հնարավորությունը և հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Աջակցելով Սիրիայի «ապստամբական ուժերին» և հանդիսանալով Դամասկոսում ձևավորված «անցումային կառավարության» հովանավորը՝ Թուրքիան չափազանց ծանր պատասխանատվություն է ստանձնել: Եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը համարում է, որ Սիրիայի հարցում Էրդողանը դավաճանել է Ռուսաստանին և աջակցել գլոբալիստներին: Որքանո՞վ է նա տեղեկացված կամ ո՞ւմ տեղեկացվածությունն է հրապարակայնացնում՝ դժվար է ասել:
Դուգինի հիմնական միտքն այն է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում դերակատար չի լինի, եթե չունենա Ռուսաստանի աջակցությունը: Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի մոտեցումը հայտնի է, արտգործնախարար Լավրովն ասել է, որ դրա համար տեւական ժամանակ է պետք: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսում է «եզրագծում գտնվելու» մասին: Ընդ որում՝ նա միանշանակորեն աջակցություն է հայտնում երկկողմ՝ Երևան-Բաքու ձևաչափին:
Փորձագետների դիտարկումներից, կարծես, դուրս է մնում մի էական հանգամանք, Բաշար Ասադի տապալումից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակին: Հայտնի է դարձել, որ այդ բանակցություններին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Բոնոն: Ընդ որում՝ պետական դեպարտամենտի պատվիրակությունը Բաքու է գործուղվել Մալթայում Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հայ-ադրբեջանական նախարարական հանդիպման առաջարկն Ադրբեջանի կողմից մերժվելուց հետո:
Փորձագիտական իշխող գնահատականը, որ Սիրիայից հետո «Թուրքիան մտնելու է Հայաստան» կամ Ադրբեջանի միջոցով «օկուպացնելու է Սյունիքը», երևի թե գոյության իրավունք ունի: Բայց Թուրքիան Սիրիան «մարսելու» և Մերձավոր Արևելքում «իր պատկերն» ստեղծելու գերխնդիր ունի: Ուստի ավելի տրամաբանական է թվում, որ Անկարային Հարավային Կովկասում էսկալացիան ձեռնտու չէ: Իսկ հայ-ադրբեջանական կարգավորման «եզրագիծն», ընդհակառակը, դրական իմիջ է ձեւավորում: Գոնե այս փուլում: