• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեկնարկել է ԳՏՏԿ-ի եւ HSBC Հայաստանի զբաղվածության ապահովման ծրագիրը

ByEditor

Nov 10, 2022

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան/բանկ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիր:

ԳՏՏԿ-ից հայտնել են, որ նախատեսվում է անցկացնել ծրագրավորման, ինչպես նաեւ փափուկ հմտությունների դասընթացներ մարզի երիտասարդների համար:

42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետեւյալ թեմաներով` «Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ», «Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript)», «Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)» եւ «Գրաֆիկ դիզայն (Graphic Design)»: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաեւ նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների եւ ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը նշել է, որ Իջեւանում այս պահին գործող ՏՏ ընկերություններն ունեն մասնագետների կարիք, իսկ այս ծրագիրը կարող է լրացնել այդ բացը` պոտենցիալ մասնագետներ պատրաստելով այդ ընկերությունների համար:

«Միեւնույն ժամանակ, պետք չէ անտեսել հեռակա աշխատանքի անցնելու հնարավորությունները, որոնք այնքան ակտուալ են դարձել համավարակից հետո»,- ասել է նա:

Ծրագրի շրջանակում HSBC Հայաստանի աշխատակիցները կվարեն նաեւ ֆինանսական եւ բանկային գրագիտության դասեր մասնակիցների համար:

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանն իր հերթին ասել է, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ճանապարհ կհարթեն Տավուշի երիտասարդների համար եւ կօգնեն նրանց աշխատանք գտնելու հարցում:

«Նախատեսվում է, որ նախագծի ավարտից հետո շրջանավարտների մեծամասնությունը կապահովվի աշխատանքով, ինչը կնպաստի մարզում աշխատունակության բարձրացմանը, հետեւաբար նաեւ` կայուն տնտեսական զարգացմանը»,-նշել է Իրինա Սեյլանյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *