• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կայացել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի համաժողովը

ByEditor

Nov 9, 2022

Նոյեմբերի 3-4-ին Երեւանում տեղի է ունեցել Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 18-րդ՝ «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով միջազգային համաժողովը։

Միջոցառման առաջին օրը կլոր սեղանի ձեւաչափով քննարկվեցին կենտրոնական դեպոզիտարիաներին (CSD) եւ ֆինանսական շուկայի ենթակառուցվածքներին (FMI) վերաբերող թեմաները. կլոր սեղան-քննարկման մոդերատորն էր Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

Երկրորդ օրը տեղի ունեցավ AECSD-ի ամենամյա նիստը: Դեպոզիտարիաների անդամները ներկայացրեցին իրենց ընկերություններում տեղի ունեցած փոփոխությունների, բարելավումների մասին հաշվետվություններ:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահությունը փոխանցվեց Տաջիկստանի կենտրոնական դեպոզիտարիային, որն ընտրվել էր փակ քվեարկության ընթացքում: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը Տաջիկստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Սուհրոբ Մուբորակշոեւին հանձնեց AECSD-ի գավաթը: Մյուս համաժողովը կանցկացվի Տաջիկստանում:

3-րդ տարին անընդմեջ AECSD-ն նախագահող եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանն իր խոսքում ասել է․

«Այս 3 տարիների ընթացքում AECSD-ն ցույց է տվել իր դերը որպես ասոցիացիա եւ հպարտորեն կարող ենք ասել, որ այն ծառայում է որպես ակտիվ համագործակցության, փոխօգնության եւ փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: Վերջին 3 տարիների ընթացքում մենք արդյունավետորեն օգտագործել ենք այս հարթակը նորարար գաղափարների փոխանակման, միջոցառումների, վեբինարների եւ սեմինարների անցկացման համար եւ այլն»:

AECSD-ի գլխավոր քարտուղար Արման Մելքումյանն իր զեկույցում ներկայացրեց վերջին երեք տարիների AECSD-ի հիմնական փոփոխությունների եւ իրադարձությունների մասին հաշվետվություն եւ ընդգծեց, որ AECSD-ի անդամների միջեւ երկարաժամկետ եւ հուսալի համագործակցությունը օգնում է հաղթահարել մեր ժամանակի բոլոր մարտահրավերները:

«Հայաստանում AECSD տարեկան համաժողովի անցկացումը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցելու եւ հայկական ներդրումային գործիքները հասանելի դարձնելու արտերկրում, իսկ այլ երկրների գործիքները հասանելի դարձնելու հայ ներդրողներին:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի միջազգային համաժողովը մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ֆինանսական հանրության համար՝ իր շուրջ համախմբելով ֆինանսական շուկայի հարցերով հետաքրքրված մեծ թվով մասնագետների եւ փորձագետների: Համաժողովը ծառայում է որպես դեպոզիտար գործունեության զարգացման եւ ընդլայնման վերաբերյալ գաղափարների փոխանակման հարթակ, հնարավորություն է տալիս եվրասիական տարածաշրջանի դեպոզիտարիաներին եւ շահագրգիռ կողմերին տեղեկատվության եւ փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաեւ նպաստում է անդամ դեպոզիտարիների միջեւ հաղորդակցման ընդլայնմանը:

Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն էր ֆինանսական շուկայում նոր համախոհներ գտնելու եւ համագործակցություններ հաստատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *