Ամփոփելով անցնող շաբաթ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ավելի քան երբևէ ուժեղ է, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով սասանել այն:
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները քաղաքի փողոցներում պատերազմի իմիտացիայի փորձ են կազմակերպել, սակայն այն անհաջողությամբ է ավարտվել, իսկ Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպելու հերթական փորձը ձախողվել է։
«Անցած չորս տարվա ընթացքում մեր երկրում մայդան կազմակերպելու չորս փորձ է եղել, բայց պետությունը հաջողությամբ արձագանքել է դրանց»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ ահազանգել է, որ Վրաստանում կամայական ձերբակալություններ են սկսվել: Նրա խոսքով՝ մարդկանց ձերբակալում են միայն այն պատճառով, որ մասնակցել են ցույցերին։
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիային այսօր դատապարտել է 12-օրյա վարչական կալանքի։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլիին էլ քրեական մեղադրանք է առաջադրվել իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նաև 4 անձի՝ ոստիկանների վրա հարձակում գործելու և այլոց գույքը վնասելու համար:
Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պահանջում են պատասխանատվության ենթարկել վերջին օրերի հանրահավաքների ժամանակ բռնություն կիրառած իրավապահներին և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին։ Նրանք համատեղ հայտարարություն են արել Բաթումում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Ըստ ընդդիմության հայտարարության՝ տարբեր կուսակցությունների, քաղակտիվիստների գրասենյակներում և բնակարաններում իրականացվող քննչական գործողություններով «Վրացական երազանքը» փորձում է հասարակությանը համոզել, թե երկրում կա դավադրություն՝ անկարգություններ ստեղծելու և բռնություն հրահրելու նպատակ։ Ընդդիմադիր կուսակցությունները նոր ընտրություններ անցկացնելու անփոփոխ պահանջ են ներկայացրել։