• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն պլանավորի և վերականգնի ՀՀ տարածքային ամբողջականությունը.Փաշինյան

ByEditor

Oct 29, 2022


Նախօրեին ՀԱՊԿ նիստը եղել է դռնփակ, բայց մեր գործընկերները հրապարակել են որոշ տեղեկություններ, ես էլ եմ ուզում հրապարակել որոշ տեղեկություններ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր հարցերը պարզ, թափանցիկ դրվել են մեր գործընկերների առջեւ: Նրանք էլ իրենց նկատառումներն ունեն: Երեկվա քննարկումը շատ բաց, անկեղծ, պարզ քննարկում ստացվեց, որտեղ մենք մեր բոլոր հարցերը դրեցինք:

Մեզ ասում են՝ տեսեք արեւմտյան, ԵՄ-ի դիտորդներ են եկել Հայաստան, էդ ո՞վ է հրավիրել իրենց: Ասացի՝ ես եմ հրավիրել, եւ հրավիրել եմ մի պարզ եւ մի բարդ պատճառով: Բարդ պատճառն այն է, որ ի հեճուկս պայմանավորվածության եւ պայմանագրերի, Ադրբեջանի օկուպացիային ՀԱՊԿ-ի արձագանքը համարել եմ ոչ պատշաճ, երկրորդը, արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արեւմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաստան, դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը:

Մեր եվրոպացի գործընկերները մեզ ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եռք որդեգրել, ինչու եք ռուսական նորանոր զորքեր բերում եւ սպառնալիք սետղծում Ադրբեջանի անվտանգության համար: Ես էլ ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձեւավորեք, եկեք տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա:

Փաշինյանը նեւ հավելեց, որ երեկ ՀԱՊԿ նիստում այս մասին խոսել է նշելով. «Փաստորեն ստացվում է, որ ռուսական զորքերը Հայաստանի սահմանին կանգնելով սպառնալիք են ստեղծո՞ւմ Ադրբեջանի անվտանգության համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ ՀԱՊԿ-ի առաջնորդներից մեկը հայտարարել է, թե Ադրբեջանը իրենց հարազատ երկիր է. «Բայց կներեք, խոսքը էմոցիաների մասին չէ, մեկը մեկին կարող է ավել կամ պակաս սիրել, լինել ավելի հարազատ, խոսքը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունների մասին է, օրենքի մասին է: Ով ում ինչան է սիրում, բացարձակ կապ չունի: Կա ստեղծված իրավիճակ, հիմա պետք է պարզել, այդ վիճակին տրվո՞ւմ է քաղաքական գնահատական: Քաղաքական գնահատականն այն է, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ եւ օկուպացրել ՀՀ տարածքներ:

Սեպտեմբերի 13-ին ես ակնկալում էի, որ ՀԱՊԿ-ը նման գնահատականով հանդես գա: Իրենք ասացին՝ եկեք դիտորդական առաքելություն իրականացնենք, տեսնենք տեղում ինչ է կատարվում, հետո դիրքորոշում կարտահայտենք: Ասացի՝ շատ լավ, ՀԱՊԿ-ը եկավ տեղում արձանագրեց եւ երեկվա նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձանագրեց, որ հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից, որ օկուպացվել են ՀՀ տարածքներ: Դե եկեք քաղաքական գնահատական տանք, որն իմ ցանկությունը չէ, դա ամրագրված է ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերում: Երկրորդ, պետք է ճանապարհային քարտեզ ընդունենք, թե ինչպես ենք վերականգնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ճանապարհային քարտեզը կարող է լինել հետեւյալը. առաջին, դիվանագիտական ճանապարհով աշխատանք Ադրբեջանի հետ, եւ եթե դա չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է արդեն ուժային գործողություն պլանավորի իր անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Մենք որոշեցինք, որ ԱԳ նախարարներին տանք հանձնարարական, որ այդ խնդիրը լուծեն»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *