• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ղրիմում իրանցի զինվորականներ են տեղակայված, որոնք օգնում են ռուսներին շահագործել իրանական ԱԹՍ-ները. Politico

ByEditor

Oct 21, 2022

Ռուսաստանին անօրինական կերպով բռնակցված Ղրիմում տեղակայված են փոքրաթիվ իրանական զորքեր, որոնք «անմիջականորեն մասնակցում են» ուկրաինական քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին անօդաչու սարքերով ավիահարվածների կազմակերպմանը։ Այս մասին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, գրում է Politico-ն:

Քիրբին նշել է, որ Իրանը համեմատաբար քիչ ռազմական փորձագետներ է ուղարկել՝ օգնելու ռուսներին գործարկել ռազմական անօդաչու սարքերը, որոնք Ռուսաստանը ներկրում է Իրանից: Ինչպես նշում է «Радио Свобода»-ն, այն մասին, որ Ղրիմում կան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորներ, որոնք օգնում են իրանական անօդաչու թռչող սարքերի շահագործման հարցում, հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Մեր տեղեկություններով՝ իրանցիները հրահանգիչներ և տեխնիկներ են ուղարկել Ղրիմ», – ասել է Ջոն Քիրբին։ Նա հավելել է, որ Բայդենի վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ եւ ուղիներ գտնել՝ դժվարացնելու Ռուսաստանին նման զենք վաճառելը։

Հրահանգիչներ ուղարկելու անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր խնդիրներով, որոնք ակնհայտ դարձան իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման առաջին փորձերից հետո՝ ուկրաինական թիրախների վրա օդային հարվածներ հասցնելու համար։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ օգոստոսին սկսելով իրենց գործունեությունը, ռուսները բախվել են սարքավորումների խափանումների, անօդաչուների հնարավորությունները չեն համապատասխանում արտադրողների կողմից հայտարարված բնութագրերին։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսների՝ այդ զինատեսակների շահագործման փորձի բացակայությունը։

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են, որ Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը խախտում է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, ըստ որի՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց Թեհրանը պարտավորվել է չարտահանել որոշ տեսակի զենքեր: ԱՄՆ-ն ու դաշնակիցները մտադիր են այս հարցը քննարկման դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մոսկվան և Թեհրանը պնդում են, որ Ռուսաստանը իրանական անօդաչու սարքեր չի ներկրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *