Ապրիլի 4-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկող շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որ քառօրյա այցով ներկայումս գտնվում է Հունգարիայում: Մամուլին հայտնի է դարձել, որ Նաթանյահու-Օրբան բանակցություններից հետո նրանք կապ են հաստատել Թրամփի հետ և իրազեկել, որ Հունգարիան դադարեցնում է Հռոմի ստատուտին անդամակցությունը և չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը:
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույց է ունեցել և հավելել, որ Գազայում իրավիճակը պահանջում է նոր քննարկումներ: Հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ է պնդել, որ Գազայի բնակչությունը պետք է տեղահանվի, ԱՄՆ նախագահը հստակ չի պատասխանել: Միայն ասել է, որ ցանկանում է ավելի շատ իսրայելցի պատանդների ազատ արձակել և այդ գործընթացը պայմանավորել քաղաքական հորիզոնում իր հայտնությամբ:
Իսրայելի վարչապետի գրասենյակը դեռևս չի հաստատել, որ Նաթանյահուն եկող շաբաթ կմեկնի Վաշինգտոն: Փորձագետները, մինչդեռ, ուշադրություն են դարձրել ԱՄՆ նախագահի այն մտքին, որ Իրանը հետաքրքված է (Միացյալ Նահանգների հետ) անուղղակի բանակցություններով, իսկ նույն օրն Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հավաստիացրել է, որ հրեական պետությունը նախընտրում է Իրանի միջուկային ծրագրի հարցը կարգավորել դիվանագիտական միջոցներով:
Համադրելով ԱՄՆ նախագահի և Իսրայելի արտգործնախարարի հնչեցրած մտքերը՝ փորձագետները ենթադրում են, որ Դոնալդ Թրամփը Բիբիին Վաշինգտոն է հրավիրում՝ քննարկելու Իրանի հետ կապված չափազանց բարդ իրավիճակը: Ինչպես հայտնի է, Թեհրանը թիվ մեկ պատրաստության է բերել հրթիռային բոլոր համակարգերը և սպառնում է հարձակման ենթարկվելու դեպքում պատասխան խորտակիչ հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին և նրա դաշնակիցներին:
Իրանը միաժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի չի բանակցի: Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Արաղչին ասել է, որ եվրոպական երեք երկրների հետ քննարկումների մեջ է: Խնդիրը չափազանց նուրբ է նաև այն առումով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Իրանի դեմ հարվածները գնահատել է «անթույլատրելի»: Իրանը ռազմավարական համագործակցության մասին ուժի մեջ մտած պայմանագիր ունի Չինաստանի հետ:
ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետին Վաշինգտոն է հրավիրում մի իրավիճակում, երբ Սիրիայում իսրայելական և պրոքս-թուրքական ուժերի միջև արձանագրվել են առաջին բախումները, իսկ իսրայելական օդուժը բառի բուն իմաստով հողին է հավասարեցրել մի քանի ռազմական օդանավակայաններ, որտեղ Թուրքիան մտադիր է մշտական ռազմահենակայաններ հիմնադրել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Միացյալ Նահանգներն այդ երկրի տարածքում կայուն ռազմական ներկայություն ունի: Իսրայելա-թուրքական զինված բախումը Վաշինգտոնի համար կատարյալ ֆիասկո կլիներ:
ԱՄՆ-ում և Իսրայելում, անկասկած, հաշվարկված է, որ, չնայած պատմական սուր հակասություններին, Պաղեստինի և Սիրիայում իսրայելական ներկայության հարցում Թուրքիայի և Իրանի շահերը հակընկնում են: Սա, ըստ երևույթին, այն իրավիճակը չէ, որ ավանդաբար ընկալվում է այնպես, թե Իսրայելը և Թուրքիան «Իրանի մասնատման ծրագիր ունեն»: Առկա իրողությունների խորքային իմաստը, կարծես, Թուրքիայի «մասնատումն» է:
Տրամաբանական է թվում, որ ԱՄՆ-ի նախագահը կօգտագործի կամ կփորձի Իսրայելի վարչապետին համոզել, որ պետք է օգտագործվի Իրանի հարցում «պատվավոր նահանջի» հնարավորությունը, այն է՝ Թեհրանի հետ միջնորդավորված բանակցություններ սկսել: Ընդ որում՝ Իրանը կտրուկ հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների արտադրության և արդիականացման հարցերը քննարկման ենթակա չեն:
Թրամփի հայտարարությանը զուգահեռ Sky News Arabic հեռուստաընկերությունը, հղում անել Թեհրանի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները, հավանաբար, կմեկնարկեն առաջիկա երեք շաբաթների ընթացքում՝ Օմանի միջնորդությամբ: Դոնալդ Թրամփի նամակն Այաթոլլա Խամենեիին և նրա պատասխանը Միացյալ Նահանգների նախագահին փոխանակվել են դարձյալ Օմանի միջոցով: Ըստ երևույթին՝ մերձավորարևելյան «ապոկալիպսիսը հետաձգվում է»: Բայց պաուզան խաղաղությա՞ն, թե՞ ավերիչ պատերազմի կբերի, ոչ ոք կանխատեսել չի կարող: