Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այդ միջանցքը առանցքային դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
«Գնալով մասնատվող աշխարհում Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների՝ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների և Եվրոպայի միջև: Բայց ենթակառուցվածքները ամեն ինչ չեն», – նշել է ֆոն դեր Լայենը:
Նա ընդգծել է նաև տարածաշրջանի երկրների միջև սահմանների հատման դյուրացման կարևորությունը միջանցքի արդյունավետության համար. «Սահմանային հատումներն ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի երկրների հետ, վճռորոշ նշանակություն ունեն Սև ծով տանող ճանապարհի համար»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանների բացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա կփոխի խաղի կանոնները՝ ավելի մոտեցնելով Եվրոպան և Կենտրոնական Ասիան, քան երբևէ»։