Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանը ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Նրա նշանակումը ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ համարվում է գործնականում արդեն որոշված։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանը շուտով կփոխարինի Մհեր Մարգարյանին, ով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։
Պարույր Հովհաննիսյանը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերի 9-ից։ Արտաքին քաղաքականության ոլորտում նրա գործունեությունը սկսվել է 1996 թվականին։ 1998-2001 թվականներին նա աշխատել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում որպես երրորդ, ապա երկրորդ քարտուղար։
Նախկինում Հովհաննիսյանը դիվանագիտական ծառայություն է իրականացրել նաև եվրոպական ուղղությամբ․ 2005-2010 թվականներին՝ որպես ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, իսկ 2016-2021 թվականներին՝ որպես Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Նա ավարտել է Սենտ Ջոնս համալսարանը (Նյու Յորք), մասնագիտանալով միջազգային հարաբերությունների և կառավարման ոլորտում։
Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում ունի ռազմավարական նշանակություն։ Այն ծառայում է ոչ միայն որպես հարթակ՝ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների պաշտպանության, անվտանգության և զարգացման հարցերի բարձրաձայնման, այլ նաև որպես կապ Հայաստանի և միջազգային կառույցների միջև։
Այս պաշտոնում բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ ունեցող դիվանագետի ներկայությունը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման վրա՝ հատկապես տարածաշրջանային փոփոխվող անվտանգային միջավայրում: