Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում առաջ է քաշում Սահմանադրության փոփոխության պայմանը՝ դա համարելով անընդունելի: Նրա հայտարարությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը, ինչը թերևս անսպասելի կամ զարմանալի չէ:
Այս ֆոնին առավել ուշագրավ է այն, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ հնչել է խորհրդարանում, առնվազն առերևույթ հակասության մեջ է հայտարարության հետ, որ Բաքվում արել էր Գերմանիայի ԱԳ նախարարը, որը այցելել էր Հայաստան և Ադրբեջան: Վալտեր Շտայնմայերը Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է՝ ասելով, թե Ադրբեջանի առաջադրած պայմաններն իրականանալի են և ստորագրման ճանապարհին արգելքները հնարավոր է չեզոքացնել:
Փաստորեն ստացվում է, որ Փարիզը հայտարարում է Բաքվի առաջ քաշած պայմանների անընդունելիության մասին, իսկ Բեռլինը՝ դրանք համարում է իրականանալի: Սա արտացոլում է հայ-ադրբեջանական հարցում ֆրանս-գերմանական տարակարծություն, կամ ֆրանս-գերմանական խաղ, երբ Փարիզը Հայաստանի հանդեպ պահում է իր դիրքորոշումները՝ հռետորաբանության մակարդակում, իսկ Ադրբեջանի նախապայմաններին Հայաստանի քայլերը «մերձեցնելու» գործառույթը հանձն է առնում Բեռլինը՝ առաջ մղելով ընդհանուր կարևորության ու նշանակալիության հարցը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումն ու այդ կերպ այսպես ասած Միջին միջանցքի ապահովումը:
Դրա նշանակությունը Եվրոպայի համար աճել է կենսականորեն, ինչպես նշել եմ բազմիցս: Այդ կենսականությունը հատկապես աճել է օրերս, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը, ըստ էության, մաքսատուրքերի պատերազմ է հայտարարել գործնականում ԱՄՆ արտահանող բոլոր երկրներին, բայց որի ծանրությունը հատկապես զգալի կարող է լինել ԵՄ տնտեսության համար: Այդ պարագայում Եվրոպայի տնտեսության համար այսպես կոչված Միջին միջանցքը դառնում է առավել սուր հրատապություն: Բայց տվյալ պարագայում առանցքային հարցը, իհարկե, այն է, թե արդյո՞ք եվրոպացիները կարող են համաձայնության գալ Թուրքիայի հետ այդ «միջանցքի» ռեժիմի հարցում:
Այդ առումով էական հանդիպում տեղի ունեցավ ապրիլի 2-ին Փարիզում, որտեղ կայացավ Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում Կովկասի առնչությամբ արձանագրումներն ընդհանուր ստանդարտի շրջանակում էին, որը թույլ չի տալիս նշմարել, թե արդյո՞ք կա կոնկրետ հարաբերակցության ռեժիմի շուրջ բովանդակային համաձայնություն: