Պատասխանելով Ուկրաինային ռազմական օգնության մասին Reuters-ի հարցին՝ Եվրամիության արտաքին գործերի «նախարար» Կայա Կալասը պատասխանել է.«Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա: Ուկրաինան պետք է ունակ լինի պաշտպանել իրեն»: Խոսքը, ինչպես լրատվամիջոցն է մեկնաբանել, Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության ծրագրի մասին է, որ Եվրահանձնաժողովը քննարկում է:
Դիտարժան է, որ Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատարը նման հայտարարություն արել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի հաջորդ օրը: Ինչպես պարզ հասկացվում է այդ մասին Կրեմլի հաղորդագրությունից, Վլադիմիր Պուտինը հրադադարի հաստատման նախապայման է առաջադրել Ուկրաինային օտարերկրյա սպառազինությունների մատակարարման և հետախուզական տեղեկությունների տրամադրման լիակատար դադարեցումը:
Ռուսաստանի նախագահը, ընդսմին, մերժում է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրամիության մասնակցությունը: Ըստ էության՝ նա Միացյալ Նահանգներին պարտավորեցնում է դադարեցնել նաև Ուկրաինային եվրոպական երկրների ռազմական աջակցությունը: Քաղաքական իմաստով այդ դիրքորոշումը հասկանալի է՝ թող Վաշինգտոնը և Բրյուսելը վիճեն, իսկ այդ ընթացքում կարելի է պատերազմը շարունակել, ուկրաինական նոր տարածքներ գրավել և կարգավորման ավելի խիստ պայմաններ առաջադրել:
Բայց մի բան է դիվանագիտական «հնարքը», բոլորովին այլ իրական քաղաքականությունը: «Ուկրաինայում երեսունօրյա հրադադարի հաստատման ԱՄՆ նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդել Եվրամիության ռազմականացման Բրյուսելի ծրագրին»,- գրում է ՏԱՍՍ-ը և մեկնաբանում, որ մարտի 19-ին Եվրահանաձնաժողովը ներկայացրել է «Պաշտպանության սպիտակ գիրք» անվանումն ստացած ծրագիրը, որտեղ առանձին բաժին է հատկացված Ուկրաինային:
Ընդ որում՝ ինչպես ասված է փաստաթղթի հարապարակային մասում, Եվրահանձնաժողովն Ուկրաինային կաջակցի ինչպես սպառազինությունների մատակարարման, այնպես էլ, եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության ավելի սերտ ինտեգրացիայով: Թրամփ-Պուտին «պակտից» փորձագետների ընդհանուր տպավորությունն այն է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի անվտանգության հարցը վերապահում է իրենց՝ եվրոպացիներին:
Իսկ Եվրամիության և Ուկրաինայի ռազմական արդյունաբերության սերտ ինտեգրացիան, ինչպես Բրյուսելն է հրապարակայնացրել, ուղղված է հենց այդ՝ ինքնապաշտպանության խնդրի լուծմանը: Խորհրդային Միության կազմում Ուկրաինան հզոր ռազմարդյունաբերություն, ռազմական նշանակության կոնտրուկտորական բյուրոներ, գիտահետազոտական ինստիտուտներ է ունեցել, այդ ներուժը, ամենայն հավանականությամբ, հիմնականում պահպանվել է:
Ուշագրավ է, որ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրով հետաքրքրված է նաև Թուրքիան, որ առաջիկա օգոստոսին շահագործման կհանձնի ԱԹՍ-ների արտադրության համատեղ ձեռնարկությունը: Օրերս Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ մարտական հաջող փորձարկում է անցել սեփական արտադրության «Նեպտուն» բալիստիկ հրթիռը:
Ուկրաինական կարգավորման ռուս-ուկրաինական բանակցությունների մոտալուտ արդյունք ոչ ոք չի կանխատեսում: Հայտնի է դարձել, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված ընդհանուր մոտեցումները «դետալային քննարկման կենթարկվեն» առաջիկա օրերին Ջիդդայում սպասվող փորձագիտական խմբերի հանդիպմանը:
Եվրոպական առաջատար երկրների ոչ մի առաջնորդ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել: Անգամ Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ Ալեքսանդր Վուչիչն է կասկածում խաղաղության շուտափույթ հաստատմանը: Եվրոպական ազդեցիկ մայրաքաղաքներում իշխում է միասնական տեսակետ՝ «Եվրոպան պետք է մասնակցի կարգավորման բանակցություններին, քանի որ Ուկրաինան Եվրոպա է»:
Անշուշտ, շատ կարճ ժամանակահատվածում Եվրոպային հազիվ թե հաջողվի լիովին ապահովել իր անվտանգությունը՝ ներառյալ Ուկրաինան: Բայց ո՞վ է հարյուր տոկոսով վստահ, որ ԱՄՆ-ն իրոք զորքերը և սպառազինությունները հեռացնելու է Եվրապայից կամ Թրամփի «եվրատյաց» վարչակազմը հավերժ է: Ռուսաստանը կարող է դե ֆակտո տիրել ուկրաինական որոշ տարածքների, բայց հենց շփման այդ գծով ունենալ ավելի ուժեղ և համախմբված Եվրոպայի «դառը հարևանությունը», ինչից փորձում է այսօր ձերբազատվել: