Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են, անջատվել են սոցցանցերը: Թուրքիայի նախագահ Էրդողանը հատուկ գործողություն է իրականացնում իր գլխավոր քաղաքական հակառակորդներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էգրեմ Իմամօղլուի նկատմամբ, որը ևս ձերբակալված է: Նրան մեղադրում են կաշառակերության մեջ: Ձերբակալվում են նաև Իմամօղլուի հարյուրավոր կողմնակիցներ:
Դաշտ է նետվել նաև տեղեկություն, թե Իմամօղլուն փորձել է առաջ մղել Քրդական բանվորական կուսակցության շահերը: Ինչո՞ւ հանկարծ մոլեգնեց Էրդողանը: Իհարկե, միամտություն է մտածել, թե նա հենց այս օրերին մտորեց այդ օպերացիայի մասին: Ըստ ամենայնի՝ Էրդողանը գործողությունները մշակել է վաղուց, պարզապես սպասել պահին, երբ հնարավոր է սկսել դրանց իրականացումը: Ընդ որում՝ հատկանշական է, որ այդ պահը փաստորեն «եկավ» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որ տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Ընդ որում՝ դա առաջին հեռախոսազրույցն էր Թրամփի պաշտոնամուտից հետո:
Իհարկե, մինչ այդ էլ կային ուշագրավ զարգացումներ, մասնավորապես Օջալանի կոչը բանտից, որն ուղղված էր ՔԲԿ-ի՝ վայր դնել զենքերը: Բայց Թրամփի հետ զրույցից հետո Էրդողանը փաստորեն ինքն է «զենքը ձեռքը» վերցնում և զանգվածային հետապնդում սկսում իր ընդդիմադիր գլխավոր մրցակցի հանդեպ: Դա վա՞խ է, թե՞ ինքնավստահություն: Թրամփը արտոնե՞լ է Էրդողանին, թե՞ նրա հետ զրույցից հետո Էրրդողանը համակվել է իր քաղաքական դիրքերի վերաբերյալ կասկածներով և նպատակահարմար գտել ռեպրեսիվ մեթոդներով ապահովագրվել ներսում, դրսում ավելի այսպես ասած ինքնավստահ կամ ապահով լինելու համար:
Չի բացառվում, որ հենց արտաքին մարտահրավերներն են նրան մտահոգողը, իսկ ներքին քայլերը պարզապես «թիկունքը» ապահովելու համար է: Էրդողանը, ըստ երևույթին, պատրաստվում է արտաքին որոշակի քայլերի, ինչից առաջ փորձում է իրեն ապահովագրել այսպես ասած ներքին անակնկալներից: Չի բացառվում, որ նա այլևս հույս չի կապում նաև Ռուսաստանի աջակցության հետ, ինչպես 2016 թվականի հուլիսին, երբ ըստ Էրդողանի՝ Մոսկվան էր իրեն ժամանակին իրազեկել և փրկել հեղաշրջման զոհ դառնալու հեռանկարից:
Այսօր կարծես թե հարաբերություններն այն չեն, և Մոսկվան կարող է և բոլորովին շահագրգռված չլինել Էրդողանի փրկությամբ: Ավելին՝ Թրամփ-Պուտին պայմանավորվածությունները գուցե զգալիորեն նվազեցնեն թուրքական գործոնի արդիականությունը, և Էրդողանն այժմ ծրագրում է շահավետ գնորդ գտնել՝ ի դեմս Եվրոպայի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ