«Անցյալ ամիս ես Փարիզ ժամանելուց հետո չորս օր հարցաքննվեցի ոստիկանությունում: Ինձ ասացին, որ կարող եմ ինքս պատասխանատվություն կրել ուրիշների կողմից Telegram-ի անօրինական օգտագործման համար: Սա զարմանալի է մի քանի պատճառով»,– այս տողերով է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը իր ձերբակալությունից հետո առաջին անգամ արած հայտարարությունը սկսել։
Դուրովն ընդգծել է, որ ինքը վաղուց է օգնել Telegram-ի և Փարիզի միջև թեժ գիծ ստեղծել՝ երկրում ահաբեկչության դեմ պայքարի համար։ Նրա խոսքով, եթե որևէ պետություն դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա ներկայիս պրակտիկան այն է, որ հայցադիմում է ներկայացվում հենց ծառայության, այլ ոչ թե հարթակի սեփականատիրոջ դեմ։ Փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դուրովի համոզմամբ՝ «առցանց ծառայության գործադիր տնօրենին երրորդ անձանց կողմից իր ղեկավարած հարթակում կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը սխալ մոտեցում է»։
«Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք անհամատեղելի են մեր սկզբունքներին, քանի որ մենք դա չենք անում հանուն փողի, մենք առաջնորդվում ենք բարիք գործելու և մարդկանց հիմնական իրավունքները պաշտպանելու մտադրությամբ, հատկապես այն վայրերում, որտեղ այդ իրավունքները խախտվել են: Երբ Ռուսաստանը մեզանից պահանջեց հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների թելեգրամյան ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը», – նշել է Դուրովը։
Հիշեցնենք, որ Դուրովին Ֆրանսիայի դատարանը ազատ այս տարվա օգոստոսի 28-ին ազատ էր արձակել 5 մլն եվրո գրավի դիմաց։