150–ից ավել գերի ենք հետ բերել 4 տարվա ընթացքում, հիմա հաստատված մնացել է 23 հոգի, որոնցից 12–ը, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի նախկին ղեկավարներն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, որ ՀՀ իշխանությունները տեսանելի քայլեր չեն անում գերիների ազատ արձակման ուղղությամբ, Սիմոնյանն ասաց․ «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևէ չվերադառնան։ Բա էդ 152 հոգուց ոնց դարձավ 23, որ մեղադրում եք։ Բա սրա մասին ինչո՞ւ մեր ընդդիմախոսները հրապարակային դրական բան չեն ասում»,– ասել է նա։
Արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կար երկուստեք պարտավորություն հումանտիրատ հարցերը լուծելու համար, նա ասաց «Հա ինչ անենք։ Նոյեմբերի 9–ի փաստաթղթով այնպիսի պարտավորություններ կային, որոնցից որևէ մեկը տեղի չունեցավ, բայց գերիների հարցը ինչ–որ ձևով լուծեցինք»,– ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար բարձրացնում են գերիների հարցը հանդիպումների ժամանակ։
ԱԺ նախագահն ասաց նաև, որ այսօր գերիներից մեկի հարազատի հետ հանդիպում է ունենալու․ «Եթե ուզում եք, որ գերիները վերադառան, եկե՛ք այդ թեմային շատ ձեռք չտանք։ Փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեզ համար առաջնային է»,– ասաց նա՝ դիմելով լրագրողներին։