• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եվրոթերմի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ByEditor

Mar 18, 2024

«Եվրոթերմ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կարող են ձեռք բերել ընկերության պարտատոմսերը։

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 պարտատոմս։ Պարտատոմսերը ներառվել են պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում։ Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առեւտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված պարտատոմսերի մասին իմանալ ավելին այստեղ:

Ֆոնդային բորսայից հայտնել են, որ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից թողարկված ընդհանուր 500 մլն ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն։

«Եվրոթերմի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանակալի քայլ է հայկական ներդրումային շուկայի զարգացման համար։ Հաշվի առնելով պարտատոմսերի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ մեր կարծիքով Եվրոթերմի պարտատոմսերի առեւտուրը բորսայական հարթակում բավականին ակտիվ կլինի։

Հայաստանի ֆոնդային բորսայի կարեւորագույն առաքելություններից մեկն է կապիտալի շուկայի զարգացումը, որի ուղղությամբ բազմաթիվ նախագծեր ենք մշակում եւ իրականացնում։ Մասնավորապես՝ Բորսան մշտապես կարեւորում է նոր գործիքների եւ արժեթղթերի զարգացումը եւ աջակցում է բոլոր այն ընկերություններին, որոնք ցանկանում են թողարկում անել», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Կոնվերս բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացումն անհնար է այդ թվում առանց թողարկողների եւ թողարկումների քանակական եւ ծավալային աճի, առանց գործընթացում իրական հատվածի ընկերությունների ներառման:

Եվրոթերմի պարտատոմսերի տեղաբաշխումը արդյունավետ համագործակցություն էր ու բանկի համար նոր հաջողված փորձառություն, ինչի շնորհիվ մեր գործընկեր Եվրոթերմ ընկերությունը հասանելիություն ստացավ ֆինանսների ներգրավման այլընտրանքային տարբերակի: Իսկ պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսվածից սեղմ ժամկետում եւս մեկ անգամ փաստեց իրական հատվածում գործող վստահելի ընկերությունների պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի եւ այս ոլորտում Կոնվերս Բանկի քայլերի արդյունավետության մասին:

Այսօր պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում աջակցում ենք տարբեր փոքր եւ միջին ընկերությունների՝ նրանց համար ստեղծելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ հաճախորդներին ընձեռելով ներդրումների նոր հնարավորություններ»:

Եվրոթերմ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանի խոսքով՝ ընկերության պարտատոմսերում մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողների առկայությունը վկայում է Եվրոթերմի նկատմամբ վստահության մասին. «Այս թողարկման ընթացքում ներգրավված միջոցները հիմնականում ուղղվել են ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Չի բացառվում, որ հետագայում ունենանք ավելի մեծածավալ թողարկումներ կապիտալի համալրման կամ նոր բիզնես գաղափարների իրագործման համար»:

«Եվրոթերմ» ՓԲԸ -ի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առեւտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ: