• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների միջև թեժ պայքարը շարունակվում է. Ինչպիսին է հանրության վստահության մակարդակը

ByEditor

Mar 10, 2024

Իհարկե ԱՄՆ նախագահական ընտրությունները չեն կարող անցնել այնպիսի «դրական» և «ծայրաստիճան ազատ, արդար և թափանցիկ» ռեժիմով, ինչպես դա արվեց Ադրբեջանում, սակայն ԱՄՆ ընտրությունների արդյունքներն անմիջական ազդեցություն կունենան նաև մոլորակում ընթացող հետագա զարգացումների վրա։

Նկատենք, որ ԱՄՆ-ում թեժ պայքար է ընթանում երկու բավականին պատկառելի տարիքով թեկնածուների՝ Ջո Բայդենի և Թրամփի միջև։ Այս պայքարը երևում է ամենուրեք՝ ԱՄՆ ներքին քաղաքականությունից մինչև արտաքին ռազմավարություն։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք կլինեն երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որին կարող է ընտրվել ԱՄՆ-ի 47-րդ նախագահը:

Այս ընթացքում փոխադարձ մեղադրական ելույթների ու հայտարարությունների պակաս չի զգացվում: Վերջերս Թրամը հայտարարեց, որ Բայդենն իր տկարամտությամբ աշխարհը մոտեցնում է Երրորդ աշխարհամարտին, ինչի արդյունքում ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել։

Մյուս կողմից, օրենսդիր մարմնում է տեղի ունենում կատաղի պայքար։ Ջո Բայդենը վերջերս իր ելույթներից մեկում հայտնեց, որ օրենսդիր մարմնում հանրապետականները Թրամփի թելադրանքով խոչընդոտում են մի քանի կարևոր օրենքների ընդունմանը։

Այդ օրենքները վերաբերում են միգրացիային և սահմանային անվտանգությանը, ինչպես նաև Ուկրաինային և Իսրայելին հսկայական օգնություն տրամադրելու գործընթացի կարգավորմանը։

Մտավախություններ կա, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին կկիրառվեն արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները՝ հատկապես կեղծ տեղեկատվության փոխանցման համատեքստում։ Մյուս կողմից, նախագահ Ջո Բայդենի նկատմամբ վստահությունը գտնվում է պատմական նվազագույն մակարդակում։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ԱՄՆ նախագահների նկատմամբ հանրության վստահության մակարդակը՝ 3-րդ տարվա ղեկավարման արդյունքներով․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ամենասիրված նախագահը եղել է Դուայթ Էյզենհաուերը՝ ԱՄՆ-ի 34-րդ նախագահը, որի վստահելիության մակարդակը եղել է 72,1%: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ամերիկյան բանակի գեներալ էր և Եվրոպայի Հակահիտլերյան խմբավորման գլխավոր հրամանատարը: 1951 թվականին Դուայթը դարձել է ՆԱՏՕ-ի առաջին գերագույն հրամանատարը: Էյզենհաուերը վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ ղեկավարելով երկիրը 1953-1961 թթ.:

Երկրորդ տեղում է Ջորջ Հ. Ու. Բուշը՝ հավանության 69,5% մակարդակով, սակայն վերջինս չի վերընտրվել նախագահի պաշտոնում։ Նույնիսկ բարձր հավանության մակարդակ ուներ Ջորջ Հ. Ու. Բուշի որդին՝ Ջորջ Ուոքեր Բուշը՝ 59,6%։ Վերջինս վերընտրվել է նախագահի պաշտոնում։

ԱՄՆ նախագահներից Ջիմի Քարթերն ունեցել է ամենացածր վարկանիշը՝ 37,4%, և չի վերընտրվել նախագահի պաշտոնում։ Այս ցուցանիշին մոտ է Ջո Բայդենը հավանության 39,8% մակարդակով։

Երրորդ տեղում է Թրամփը՝ հավանության 42% մակարդակով, սակայն Թրամփը չի վերընտրվել նախագահի պաշտոնում։

Կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ հավանության բարձր մակարդակը դեռևս երաշխիք չէ նախագահի պաշտոն զբաղեցնելու համար։ Սակայն, մյուս կողմից, քիչ հավանական է, որ ընտրվի նաև ցածր հավանության աստիճանով թեկնածուն։ Հետևաբար, երբեմն ամերիկացիները (և ոչ միայն նրանք) ընտրում են վատի և վատագույնի միջև, որը, անշուշտ, չափազանց բարդ և ճակատագրական ընտրություն է։