• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքիայում գնաճը հասել է գրեթե 70%-ի. Euronews

ByEditor

Mar 10, 2024

Փետրվարին Թուրքիայում գնաճը հասել է առավելագույնին` գերազանցելով կանխատեսումները,— գրում է Euronews-ը:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտարարել է, որ երկրում տարեկան գնաճը միայն փետրվարին հասել է մինչև 67.07 %-ի։

Վերլուծաբանները կանխատեսել էին, որ տարեկան գնաճը փետրվարին կբարձրանա մինչև 65.7%, իսկ մինչև 2024 թվականի վերջ, ըստ կանխատեսումների, կնվազի մինչև 42.7%:

Հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում գնաճի տեմպերը հասել են 4.53%-ի, ինչն ավելի քիչ է, քան նախորդ ամսվա 6.7%-ը, սակայն զգալիորեն գերազանցում է կանխատեսված 3.7% ցուցանիշին:

Նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է հյուրանոցների, սրճարանների, ռեստորանային և կրթության ոլորտներում գրանցված գնաճով:

Փորձագետները նաև ենթադրել են, որ հունվարի 1-ից ներդրված նվազագույն աշխատավարձի բարձրացումը ևս ազդել է գնաճի տեմպերի վրա:

Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել էր իր հիմնական տոկոսադրույքը պահել 45%-ի մակարդակում: Ոմանք այժմ կանխատեսում են, որ տոկոսադրույքները հետագայում էլի կբարձրանան:

«Դրամավարկային քաղաքականության դիրքորոշումը կխստացվի»,- ասված է բանկի հայտարարության մեջ:

Վերջին տվյալների հրապարակումից առաջ Թուրքիայի ֆինանսների նախարարը նշել է, որ գնաճը կշարունակվի առաջիկա ամիսներին, սակայն կանխատեսել է, որ այն տարվա ընթացքում կնվազի։

Բարձր գնաճը կապված է նաև թուրքական լիրայի անկման հետ: Թուրքական արժույթը վերջին մեկ տարում կորցրել է դոլարի նկատմամբ իր արժեքի 40%-ը, իսկ վերջին հինգ տարում՝ 82.6%-ը։

Սա պայմանավորված է մի շարք գործոններով, մասնավորապես՝ COVID-19 համաճարակի, քաղաքական պատճառների և Թուրքիայի անսովոր դրամավարկային քաղաքականության հետ:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկար ժամանակ ճնշում էր գործադրում Թուրքիայի կենտրոնական բանկի վրա՝ ստիպելով կրճատել փոխառությունների ծախսերը՝ պնդելով, որ ցածր տոկոսադրույքներն օգնում են պայքարել գնաճի դեմ։

«Քաղաքականությունը, որը մենք այժմ իրականացնում ենք, գրավիչ է դարձնում լիրան», — Bloomberg HT հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ֆինանսների նախարարը։

Արժույթը կգերարժևորվի, եթե ներմուծվող ապրանքները համեմատաբար ավելի էժան լինեն, իսկ արտահանումները՝ թանկ, ինչն էլ նշանակում է, որ այս կամ այն կերպ տատանումները կարող են վնասել արտաքին առևտրին կամ տեղական ընկերություններին: