Աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու եւ հասանելիություն ապահովելու նպատակով կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ:
Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։
Այն հնարավորություն կտա՝
- աշխատանքային պայմանագրերը կնքել թվային համակարգի միջոցով՝ օրենսդրությանը համապատասխան, գրագետ ու նույնանման,
- աշխատանքային հարաբերության կողմերին ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով,
- պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը,
- նվազեցնել փաստաթղթերի թղթային շրջանառության ծավալը,
- հավաքագրել աշխատաշուկայի վերլուծության համար վիճակագրական տվյալներ։
Համակարգը կմշակի Պետական եկամուտների կոմիտեն․ աշխատանքային պայմանագիրը աշխատողներին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով՝ կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Տեսչական եւ հարկային մարմինները կունենան փաստաթղթերին հասանելիություն՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգերի շրջանակում եւ հարկային հսկողության մասով, իսկ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը կտրվի հասանելիություն՝ օտարերկրյա աշխատողի տվյալներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում։
Նոր կարգավորումները կներդրվեն փուլային տարբերակով՝
- 2025 թ. հուլիսի 1-ից — 2026 թ. հունվարի 1-ը՝ կամավոր,
- 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։