Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում,բնականաբար, չէր կարող շրջանցել Հայաստանի վերազինումը, ինչի հետ կապված Ադրբեջանը վաղուց է պահանջներ առաջ քաշում, որ պետք է սահմանափակումներ մտցվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ, որոնց համար հենց Նիկոլ Փաշինյանն է լեգիտիմ հիմքեր ստեղծել, ինչի մասին բազմիցս գրել ենք:

Բոլորովին վերջերս Փաշինյանը հայտարարել էր, որ բանակի ֆունկցիոնալ նշանակությունը պիտի փոխվի:

Իսկ ավելի վաղ Փաշինյանը բանակի առաջ լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ էր դրել, ավելին՝ նա կոնկրետ «հաղորդում» էր տվել ՀՀ զինված ուժերի դեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ այնպես, ինչպես «Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ կիրառվեցին՝ կապված Իրաքի զինված ուժերի զարգացման հետ»:

Եվ բնական է, որ այսքանից հետո Ալիևը պետք է է՛լ ավելի կոնկրետացներ իր պահանջը:

«Հայաստանը պետք է շատ արագ դադարեցնի վերազինումը: Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք զենք են մատակարարում Հայաստանին, պետք է չեղարկեն այդ պայմանագրերը: Իսկ արդեն մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի: Սա է մեր պայմանը»,- վերը նշված հարցազրույցում ընդգծել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանի զինումը սպառնալիք է տարածաշրջանի համար, և, որ իրենք իրենց ռազմական բյուջեն հենց այս պատճառով են ավելացրել, մինչդեռ այդ գումարները կարող էին ուղղել այլ նպատակների իրականացմանը, Արցախի օկուպացված տարածքների վերականգնմանը:

Երեկ Նիկոլ Փաշինյանը որոշել էր արձագանքել Ալիևի սպառնալիքներին, սակայն նա հստակ և ուղիղ չի պատասխանել, որ ոչ մի ռազմական պայմանագիր էլ չեն պատրաստվում խզել ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ էլ մեկ այլ երկրի հետ, կամ՝ վերադարձնել արդեն մատակարարված սպառազինությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր արձագանքում ավելի հստակ էր և գոնե ասաց, որ ոչ մի գնված զենք չեն պատրաստվում հետ ուղարկել: Իհարկե, Արարատ Միրզոյանը կրկնել է Փաշինյանի վտանգավոր առաջարկը սպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելու մասին, երբ Ադրբեջանն առանց այն էլ արդեն փորձում է միակողմանի վերահսկողություն սահմանել ՀՀ զինանոցի նկատմամբ՝ Փաշինյանի «թեթև ձեռքով»:

Մենք հունվարի 8-ին հրապարակված հոդվածում անդրադարձել էինք Ալիևի պահանջներին և Փաշինյանի՝ դրանք կատարելու պատրաստակամությանն ու ՀՀ զինված ուժերի դեմ գործողություններին՝ զգուշացնելով, որ Փաշինյանի որդեգրած քաղաքականության և Ալիևի պահանջները կատարելու պատրաստակամության պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնվելու է բարդ իրավիճակում, ով ոչ միայն Ֆրանսիայի, այլև շատ այլ երկրների հետ սպառազինության գնման պայմանագրեր է կնքել, նոր պայմանավորվածություններ ձեռք բերել և ընդլայնել ռազմական համագործակցության աշխարհագրությունը, ինչն անգամ չի անտեսվել Բանակի կերպափոխման հայեցակարգում, որ լավ է մի քանի երկրից կախվածության մեջ լինել, քան մեկից՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

Այսինքն՝ Սուրեն Պապիկյանին, ով սպառազինության մատակարարման հարցում հրապարակավ լռություն է պահպանել, որ չվտանգի այդ գործընթացը, երբ առանց այն էլ լոգիստիկ խնդիրներ կան, բարդ իրավիճակներ են սպասվում, հատկապես, երբ, ինչպես նշեցինք, Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական անվտանգության և իշխանության պահպանման, առանց մտածելու, պատրաստ է կատարել Ալիևի պահանջները, և նրան շատ քիչ է հետաքրքրելու, որ թիմակից նախարարը կարող է անհարմար իրավիճակում հայտնվել:

Այսօր Փաշինյանը հաստատեց, որ մեր այս զգուշացումը, ըստ էության, անհիմն չէ:

Մասնավորապես, Ադրբեջանին ներկայացված առաջարկների շարքում՝ բացի հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելուց և սպառազինության վերահսկման երկկողմ պայմանագիր կնքելուց, Փաշինյանը նշել է. «Ձևավորել սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ»:

Ծիծաղելի է, որ Ադրբեջանի՝ ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու պահանջը Նիկոլ Փաշինյանը փաթեթավորվում է՝ որպես սեփական առաջարկ:

Դեռ մի կողմ ենք դնում Ադրբեջանի հետ երկկողմ հետաքննության մեխանիզմ ձևավորելու առաջարկի ռիսկերը, ինչպես նաև՝ սպառազինության փոխադարձ վերահսկման պայմանագրի առաջարկի ռիսկերը։ 

Այսինքն՝ Հայաստանն իր զինանոցը պատրաստ է բացել մի երկրի առաջ, ով սպառնում է վերացնել անկախ Հայաստանը, իսկ Ալիևն իր բանակի զինանոցը, բնականաբար, չի բացելու Փաշինյանի առաջ:

Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը համաձայնում է այդ առաջարկին, միևնույն է, այդ հարցում Հայաստանը կարող է շահեկան իրավիճակում չլինել:

Կարիք կա՞ փակագծեր բացելու և բացատրելու՝ ինչու, ինչ հիմնավորումներով, ում օգնությամբ, սպառազինության հետ կապված իրականությունը քողարկելու կամ արդարացնելու ինչ տարբերակներ առաջ քաշելով՝ ադրբեջանական կողմը կարող է շահած դուրս գալ այս գործընթացից:

Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ միջազգային կառույցներին, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանը հաշվետու եղել և լինում է միջազգային փաստաթղթերի շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում:

Ի դեպ, 2020 թվականի հուլիսին Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան:

«Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»,- նշվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Վերադառնանք Փաշինյանի՝ Ալիևի պահանջը կատարելուն ու Սուրեն Պապիկյանին սպասվող բարդ իրավիճակներին, և նկատենք, որ մի տեսակ դեժավյու ես ապրում:

2019-ի մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

«Ես որպես պաշտպանության նախարար՝ ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»,- հայտարարել էր Տոնոյանը և պնդել, թե ոչինչ չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Տոնոյանի այդ հայտարարությանն արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր.

«Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:

Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն ասել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

Ինչպես մի առիթով գրել էինք, Տոնոյանը Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհ դարձավ, քանի որ շատ չանցած՝ նախքան 44-օրյա պատերազմը, Փաշինյանը Մյունխենում որդեգրել էր բոլորովին այլ սկզբունք՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»: Իսկ Տոնոյանը նմանօրինակ միտք արտահայտել էր դեռ 2015 թվականին, և, ըստ էության, զուտ ռազմական տրամաբանության մեջ:

Մի փոքր տարբերությամբ՝ նույն իրավիճակը Սուրեն Պապիկյանի դեպքում է. նախ Փաշինյանը որոշում է, որ պետք է մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերքի պատվեր տալ, այս, այս երկրների հետ կոնկրետ զենքերի գնման պայմանագրեր կնքել, պայմանավորվածություններ ձեռք բերել, ընդլայնել մատակարարների աշխարհագրությունը, մեկ էլ հիմա որոշում է, որ պետք է Ադրբեջանի հետ սպառազինության քվոտավորման շուրջ բանակցություններ վարի, սահմանափակումներ կիրառվեն: Այսինքն, շատ հնարավոր է, որ այս բանակցությունների արդյունքում ինչ-որ պայմանագրեր չեղարկվեն:

168.am-ը դեռ զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններին առնչվող իր վերլուծության մեջ է ակնարկել, որ Փաշինյանը ռիսկի տակ է դրել Պաշտպանության նախարարին:

Իսկ դեռ մոտ 3 տարի առաջ 168.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության յուրաքանչյուր նախարարի հաշվով կոնկրետ միսիա է ունեցել սահմանած, ինչո՞ւ չէ՝ նրանց պաշտոնավարման կոնկրետ ժամանակ, և երբ սահմանված միսիան կատարվել է, կամ՝ երբ նրանք հրաժարվել են ինչ-որ պահանջների կատարումից, Փաշինյանն ազատվել է նրանցից:

Բայց նրանց բոլորի անունը կապված է անվտանգային ինչ-որ խնդրի և տարածքային կորստի հետ՝ 44-օրյա պատերազմում պարտություն, Գորիս-Կապան ճանապարհի հանձնում Ադրբեջանին, նոյեմբերյան մարտեր, սեպտեմբերյան մարտեր և Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթաց, և էական չէ, որ բոլոր դեպքերում, ըստ էության, գերագույն հրամանատարը, որոշողը, բանակցողը Նիկոլ Փաշինյանն է եղել, միևնույն է՝ պատասխանատվությունը դրվել և դրվելու է բանակի վրա:

Հիմա եթե Սուրեն Պապիկյանի առաջ Փաշինյանը հստակ խնդիր դնի՝ ռազմական պայմանագրեր և պայմանավորվածություններ չեղարկելու, նա կա՛մ պիտի գնա դրան՝ միջազգային գործընկերների մոտ անլուրջ տպավորություն թողնելով, կա՛մ…

Իսկ Փաշինյանը բացարձակ կաշկանդվածություն չունի այս հարցում: Ավելին, եթե պետք լինի, Ադրբեջանի պահանջի կատարման հիմնավորում կարող է բերել, օրինակ, արդեն մատակարարված սպառազինության հետ կապված խնդիրները և դեռ մի բան էլ հղում անել իրենց ընդդիմախոսների պնդումներին, եթե խոսքը գնված զինամթերքի վերադարձի մասին է: Իսկ նոր ստանալիքի համար էլ որպես պատճառ կարող է բերել, օրինակ, 2022 թվականին իր հայտարարությունը՝  կապված սպառազինության գնման խոչընդոտների հետ, երբ ներկայացվել էր 4 բաղադրիչ՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական, տրանսպորտային:

«Առաջին՝ ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին,

երկրորդ՝ կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի,

երրորդ՝ կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով,

չորրորդ՝ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ կոմպոնենտներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,- 2022 թվականին ԱԺ-ում հայտարարել էր Փաշինյանը:

Սպասենք իրադարձությունների զարգացումներին: Ի դեպ, այս առումով իշխանամերձ փորձագետներին ևս անհարմար իրավիճակներ են սպասվում, հատկապես նրանց, որոնք վատ իմաստով համեմատական կարգով հիշում էին նախկիններին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *