Պուտինը բացել է Պանդորայի արկղը, փակելու ցանկություն ոչ ոք չունի

Դեկտեմբերի 23-ին Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, որի պաշտոնամուտին մնացել է երեք շաբաթ, սոցցանցային հերթական գրառումն է արել, որ ԱՄՆ-ին «բացարձակ պետք է տիրապետել Գրենլանդիային, որպեսզի ապահովի ազգային անվտանգությունը և ամբողջ աշխարհի ազատությունը»: Թուրքական «Անադոլուն» հայտնում է, որ այդ առթիվ գրավոր հարցում է հղել Գրենլանդիայի վարչապետ Էգեդին և ստացել այս պատասխանը: «Մենք չենք վաճառվում և չենք պատրաստվում վաճառվել: Մենք չպետք է տանուլ տանք հանուն ազատության մեր երկարամյա պայքարը»:

Գրենլանդիան տիրելու մտադրություն Դոնալդ Թրամփն ունեցել է պաշտոնավարման առաջին շրջանում: Ըստ «Անադոլուի»՝ 2017թ. նա կղզին գնելու առաջարկություն է արել Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենին, ով այդ գաղափարն անվանել է «աբսուրդ». Գրենլանդիան իրավական կարգավիճակով Դանիայի թագավորության մաս է կազմում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կղզին կառավարել է Միացյալ Նահանգները, բայց ֆաշիզմի դեմ հաղթանակից հետո նախկին ստատուս-քվոն վերահաստատվել է:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սոցցանցային գրառմամբ Կանադային առաջարկել է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը, այնուհետև սպառնացել է ետ վերադարձնել Պանամայի ջրանցքը, պրոտեկտորատ հաստատել Մեքսիկայի նկատմամբ: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, ինչպես և ենթադրվում էր, բացել է Պանդորայի արկղը. եթե Եվրոպայում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանվել է աշխարհակարգը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը խախտվում է, ապա նախադեպն ինչու՞ չպետք է կրկնվի այլ աշխարհամասերում կամ մայրցամաքներում:

Իսկ եթե աշխարհի ուժեղագույնները, տվյալ դեպքում՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, սեփական ազգային անվտանգությունն ապահովելու հիմնավորումով ձգտում են նոր տարածքներ նվաճել, ապա ի՞նչն է խանգարում, որ նույն շռայլությունն իրենց թույլ տան տարածաշրջանային ուժեղ երկրները:

Պատահակա՞ն է, որ Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից երկու շաբաթ անց Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան միայն այն չէ, որ ունի 709 հազար քառակուսի կիլոմետր տարածք»,- ինչին անմիջապես արձագանքել է հունական մամուլը և ահազանգել, որ Անկարան Միջերկրական ծովի «կարգավիճակի փոփոխության է ձգտում՝ հավակնելով յուրացնել Կիպրոսի տնտեսական գոտին»:

Գրեթե միաժամանակ հուզումներ և քաղաքացիական բախումներ են արձանագրվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որ մինչև վերջերս ոչ միայն ներքին կայունություն էր պահպանում, այլեւ լուրջ դեր էր խաղում իսրայելա-պաղեստինյան կարգավորման բանակցություններում: Ի՞նչ երաշխիք, որ «կայծից բող չի բռնկվի», և Եգիպտոսում իշխանության չեն վերադառնա Թուրքիայի նախագահի վաղեմի բարեկամ «մուսուլման եղբայրները»:

Չափազանց ծանր իրավիճակ է ստեղծվել Իրանում: Երկիրը նստած է նավթի և գազի ահռելի պաշարների վրա, բայց նույնիսկ Թեհրանում էլեկտրականությունը մատակարարվում է հովհարային ռեժիմով: Ընդ որում, չնայած «իսլամական ութնյակի» գագաթաժողովը վերջերս է տեղի ունեցել, ոչ միա հարևան երկիր Իրանի իշխանություններին օգնության ձեռք չի մեկնում:

Բոլորը, կարծես, սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը», իսկ եթե դա տեղի չունենա՝ սոցիալական խռովության, որ շատ արագորեն կարող է վերաճել էթնիկ անջատողականության և օրակարգ բերել երկրի մասնատման, ազդեցության գոտիների հաստատման խնդիրը: Այս առումով արտաքին ոչ մի դերակատար ուկրաինական պատերազմի սառեցմամբ շահագրգռված չէ:

Եվ եթե Աֆրիկայի հյուսիսից մինչև Չինաստանի ույղուրական ինքնավարություն՝ այդ հսկայական ռեգիոնում «արաբական երկրորդ գարուն» սկսվի, ո՞րն է լինելու Հայաստանի անվտանգության միջավայրը: «Բանակցությունները Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էին» դիսկուրսն աշխարհաքաղաքական «տեկտոնիկայի» հետ աղերս ունի՞: Պուտինի բացած Պանդորայի արկղը փակելու իրական ցանկություն, կարծես, ոչ ոք չունի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *