Բլինքենը չի բացառել Թրամփի օրոք Մոսկվայի հետ արդյունավետ շփումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ արդյունավետ շփումների հնարավորություն կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ Այս մասին Բլինքենը հայտարարել է Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։

ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերել Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ լուրջ քննարկումներ անցկացնել ամերիկյան հեռացող վարչակազմի հետ։

«Հիմա, երևի, եկել է այն պահը, երբ նման քննարկումներն ավելի արդյունավետ կլինեն։ Հուսով եմ, որ այդպես է։ Վստահ եմ, որ հաջորդ վարչակազմը, հնարավորության դեպքում, կփորձի նման քննարկումներ ունենալ և կհասկանա, թե արդյոք մենք կարող ենք գոնե մոտ ժամանակում հասնել Ուկրաինայում ինչ-որ կարգավորման՝ պայմանով, եթե դա ընդունելի լինի ուկրաինացիների համար», – ասել է Բլինքենը:

Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը կապեր է պահպանում Մոսկվայի հետ բանտարկյալների փոխանակման, միջուկային զենքի կիրառման հնարավորության, տիեզերքի ռազմականացման և այլ հարցերի շուրջ։

Բլինքենի համոզմամբ՝ Մոսկվան Ուկրաինայում պատերազմ չի սկսել՝ ելնելով Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգություններից, այլ ավելի շուտ՝ «իմպերիալիստական» ձգտումներից։

«Եթե վերջին երկու տարվա ընթացքում մենք զգացած լինեինք, որ ստեղծվել է իրավիճակ, երբ Ռուսաստանը պատրաստ է լուրջ քննարկում ունենալ Ուկրաինայի (հակամարտությունը) արդարացի և տևական կերպով լուծելու շուրջ, ապա մենք առաջինը կգնայինք այդ քննարկմանը։ Ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ այդ քննարկումը վարելու։ Ցավոք, մեր ունեցած բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, որ նրանք պարզապես լուրջ չեն տրամադրված դրան, և դա ժամանակի կորուստ կլիներ», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի գործարքի գնալ՝ ակնարկելով հնարավոր փոխզիջումների մասին։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ իր իշխանության գալուց հետո 24 ժամվա ընթացքում կդադարեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *