«Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերում «արևմտյան ադրբեջանցիների» խնդրին»,- նախօրեին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, որին հարց էր ուղղվել Ադրբեջանի այդ հավակնության վերաբերյալ ՌԴ դիրքորոշման մասին: Պետք է նկատել, որ Զախարովան այս դեպքում թերևս իրավացի է՝ այդ հարցի առնչությամբ կարևորը Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Այդ դիրքորոշումը, կարծես թե, բացակայում է, գոնե հանրային դաշտում:
Օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե պաշտոնական Երևանը պետք է խոսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և ապահովի «վերադարձի նրանց միջազգային իրավունքը»: Չի կարող գոյություն ունենալ Հայաստան որևէ համայնքի վերադարձի որևէ միջազգային իրավունք: Չի կարող գոյություն ունենալ, որովհետև Հայաստանից չի հեռացվել որևէ համայնք: Հայաստանում, այո, ապրել են ադրբեջանցիներ՝ ԽՍՀՄ տարիներին: Բայց հենց ԽՍՀՄ կառավարության որոշմամբ էլ նրանք հեռացել են:
Ադրբեջանը կարող է գտնել ԽՍՀՄ պատասխանատուներին և նրանց ներկայացնել որևէ հարցադրում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կայացրել որևէ որոշում, չի ձեռնարկել որևէ գործողություն, որը կպարտադրեր Հայաստանում ապրող որևէ այլազգի քաղաքացու հեռանալ Հայաստանից: Ավելին, Հայաստանից հեռացող ադրբեջանցիներին տրվել է թե՛ իրենց գույքը ազատ տնօրինելու, թե՛ անգամ փոխհատուցում ստանալու հնարավորություն: Հետևաբար, եթե Հայաստանը չի կայացրել ադրբեջանցիներին հեռացնելու որևէ որոշում, և հեռացնող որևէ գործողություն, չի կարող ունենալ որևէ իրավական պարտավորություն նրանց «վերադարձի» համար, և չի կարող գոյություն ունենալ այդպիսի որեւէ հարց:
Ինչո՞ւ պաշտոնական Երևանը չի բարձրաձայնում այդ մասին: Ինչո՞ւ Երևանից չեղավ որևէ արձագանք Իլհամ Ալիևի հայտարարությանը: Պատճառը նո՞ւյնն է, ինչ Երևանի հռետորաբանության հարցում լայն իմաստով՝ Ադրբեջանին չտալ իրավիճակ սրելու որևէ առիթ, թե՞ Հայաստանի իշխանությունը այսպես ասած բանակցային փուլերից որևէ մեկում Ադրբեջանին տվել է հարցն օրակարգ բերելու առիթ: Այդ առնչությամբ հարկ է հիշել, որ 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում քառօրյա բանակցության առաջին օրը ԱՄՆ Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Լուիս Լ Բոնոն մամուլին հայտարարել էր, թե քննարկվող հարցերի շարքում է եղել նաև երկու երկրներում «ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» հարցը:
Նույն թվականի հուլիսին արտգործնախարարների եռակողմ բանակցություն եղավ Մոսկվայում, որից հետո ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ քննարկվող հարցերի շարքում փախստականների վերադարձի համատեքստում եղել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարց: Ի վերջո, կա՞ այդ հարցը հայ-ադրբեջանական գործընթացի օրակարգում, թե՞ ոչ: Եթե կա, Ադրբեջանին ինչպե՞ս է հաջողվել Հայաստանից ադրբեջանցիների կամովին հեռանալու հարցը «հավասարեցնել» փախստականների խնդրի:
Արդյո՞ք Բաքուն Երևանին առաջարկում է այսպես ասած համաձայնել «վերադարձի իրավունքից» երկուստեք հրաժարվելուն, ինչպես առաջարկում է դատական հայցերի դեպքում: Թե՞ այս պարագայում Բաքվի մոտեցումը լիովին հակառակն է՝ Ադրբեջանը գիտե, որ հայերը չեն վերադառնա Ադրբեջան, իսկ ահա ինքը կարող է «վարչահրամայական» մեթոդով Հայաստան «վերադարձնել» հազարավոր «հատուկ նշանակության» ադրբեջանցիների, որոնք Հայաստանում կլինեն, ըստ էության, «քաղաքացիական դիվերսիոն խմբեր»: