«Թուրքիայի ցանկությունն է, որ Սիրիայում հաստատվի ժողովրդավարական աշխարհիկ իշխանություն»,- Al Arabiya հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ավելացրել. «Մենք չէինք ցանկանա, որ նոր իշխանությունը կրկներ Ասադի քայլերը»,- հաղորդում է turkgazetisi-ն:
Ֆիդանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև: Նրա ձևակերպմամբ՝ Սիրիայի հարցում քաղաքականությունը Թուրքիան «ամենաբարձր մակարդակով կոորդինացնում է Սաուդյան Արաբիայի հետ»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հարցազրույցի «մեխը», թերևս, հետևյալ ընդգծումն է․ «Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին, բայց մտադիր չէ այնտեղ փոխարինել Իրանին: Չեմ կարծում, թե Սիրիան կվերածվի վեճերի ասպարեզի՝ հաշվի առնելով, որ Թեհրանը նոր իրավիճակի մասին տեղեկացված է»:
Այս հայտարարությունը մի քանի «շերտ ունի»: Պետք է նկատի ունենալ, որ Սիրիայում իրավիճակի սրացումից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին այցելել է Դամասկոս, իսկ այնտեղից՝ Անկարա, որտեղ, սակայն, Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան չի ընդունել: Դա նշանակում էր, որ նա չի ընդունում Սիրիայի նախագահի հետ բանակցությունների առաջարկը: Ըստ երևույթին, հենց այդ օրն էլ Թեհրանը «նոր իրավիճակի մասին տեղեկացվել է» և Ասադին ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերելու քայլ չի կատարել:
Անցած օրերին ի՞նչ է փոխվել կամ Իրանի մտադրությունների մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը որքանո՞վ է գաղտնի տեղեկությունների տիրապետում, եթե իրեն թույլ է տալիս զգուշացնել, որ Անկարան չէր ցանկանա, որ Սիրիան վերածվեր «վեճերի ասպարեզի»: Ընդ որում՝ փաստացի իրավիճակը բոլորովին այլ է. Սիրիայի տարածքի մի մասում Իսրայելն է հաստատված, իսրայելական օդուժն է ավերում սիրիական բանակի վերջին ենթակառուցվածքները:
Իրանը Սիրիայից իր պրոքսի կազմավորումները դուրս է բերել Ասադի անկումից գրեթե անմիջապես հետո: Այդ փաստը նույնիսկ արևմտյան աղբյուրներն են հաստատել՝ արձանագրելով «Հեզբոլլայի» շարասյուների երթը դեպի Լիբանանի հարավ: Ստեղծված իրավիճակում վարկածել, որ Իրանը կարող է Սիրիայի տարածք զորք մտցնել՝ ակնհայտ չափազանցություն է:
Թուրքիան փաստացի արձանագրում է, որ Իրանն այլևս Սիրիայում չէ, սիրիական հարցում դերակատար չէ, և նրա վերադարձն անցանկալի է, կարող է Սիրիան «վերածել վեճերի ասպարեզի»: Դեկտեմբերի 4-ին իրանցի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ թուրք-իրանական համագործակցությունն ինստիտուցիոնալացման կարիք ունեն, այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում:
Անցել է մոտ երկու շաբաթ, և Անկարան Թեհրանի հետ բոլորովին այլ լեզվով է խոսում: Բաքվի մամուլի հրապարակումները Բաշար Ասադին ներկայացնում են որպես իրանական մոլլապետության կրեատուրա: Փաստացի տեղեկատվաքարոզչական նախապատրաստություն է սկսված՝ միջազգայնացնելու, որ Իրանում ոչ միայն բռնաճնշվում են քաղաքացիական, այլև էթնիկ-ազգային իրավունքները:
Իրանը, իհարկե, պետական կազմակերպվածության մակարդակով Սիրիայի հետ համեմատելի չէ, բայց ունի մոտ քսան միլիոն թուրքախոս բնակչություն: Սիրիական ճգնաժամից մի քանի օր առաջ Միլլի մեջլիսի պատգամավոր Օրուջը ցամաքային սահմանների փակումը հիմնավորել է նաև Իրանից «տասնյակ հազարավոր փախստականների հոսքը զսպելու» անհրաժեշտությամբ: Բաքվի գործող վարչախումբը, հավանաբար, այս փուլում «միասնական Ադրբեջանի» նախագծով առարկայորեն շահագրգռված չէ: Իրանական «գաղթականության ալիքը» կարող է տապալել Ալիևի իշխանությունը: Բայց եթե կա միջազգային դերակատարների համաձայնություն, որ Իրանը նույնպես «պետք է ճոճվի», և Թուրքիայի արտգործնախարարը, կարծես, Թեհրանին խորհուրդ է տալիս սիրիական ձախողումը մոռանալ և կենտրոնանալ «ինքնապաշտպանության» վրա, ապա Բաքվի դիրքորոշումը կարող է երկրորդական-երրորդական լինել: Մանավանդ որ նրան կարող են գայթակղել «հայկական խայծով»: