• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՔՊ-ական պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Անահիտ Ավանեսյան

ByEditor

Mar 4, 2023

Հեղափոխությունից հետո մամուլը գրեց, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։ «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի` փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:

2008-2015թթ.ին ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ., Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը:

Այս ընկերության հետ վերջին տարիներին՝ 2017-2020թթ փետրվարի 17-ը կնքվել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու եղած ժամանակ։ Հենց այդ ընթացքում պետական գնումների մրցույթով ««Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

2022 թվականը ևս բացառություն չէր. տարին դեռ չէր ավարտվել, իսկ «Արմֆարմացիան» արդեն հասցրել էր շուրջ 8 տասնյակ պայմանագրեր կնքել, որոնցից մեկը՝ «հրատապ մեկ անձ ընթացակարգով» (Նկատենք՝ 2019 թվականից սկսած՝ Անահիտ Ավանեսյանին առնչվող ընկերությունը տասնյակ պայմանագրեր է կնքել «մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով»):

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով` 2022 թվականի 10 ամիսներին այս ընկերության պատվիրատուների թվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը՝ 10 պայմանագրով, «ՀՀ Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն՝ 5 պայմանագրերով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ 3 պայմանագրերով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը` 5 պայմանագրերով, Արտակարգ Իրավիճակների նախարարությունը՝ 1 պայմանագրով, Առողջապահության նախարարությունը՝ 2 պայմանագրով, ՀՀ պետական պահպանության ծառայությունը՝ 2 պայմանագրով, Վանաձորի, Արթիկի, Մարտունու Գավառի, Կապանի և Մեղրու տարբեր ԲԿ-ները՝ տասնյակ պայմանագրերով: Վերջին պայմանագիրն ընկերության հետ կնքել է Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 5-ին:

Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։

Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ․ մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։

Ամիսներ առաջ էլ Ավանեսյանի ընտանեկան բիզնեսը արտոնություն ստացավ հենց կառավարությունից: «Իբարի» ՍՊԸ-ին, որը պատկանում է Ավանեսյանի ամուսնուն, կառավարությունը արտոնություն է տվել տեխնիկական սարքավորումների, դրա բաղկացուցիչ մասերի ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատելու գծով։ Ընդհանուր առմամբ, ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է 458 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 000 տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։

Ինչպես տեսնում ենք՝ ակնհայտ է , որ հեղափոխությունից հետո թե՛ Անահիտ Ավանեսյանի, թե՛ վերջինիս ամուսնու բիզնես գործերը կտրուկ լավացել են, սակայն պատկան մարմինները, բնականաբար, այստեղ որևէ կոռուպցիոն ռիսկ չեն տեսնում: Ինչպես ասում են՝ իրավիճա՞կ է փոխվել…