• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արցախի պետնախարարը հանդիպել է հանրօգուտ աշխատանք կատարելու խնդրանք-կոչին առաջինն արձագանքողների հետ

ByEditor

Mar 4, 2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 4-ին, հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների, երիտասարդների և ուսանողների հետ, ովքեր անմիջապես արձագանքել էին հանրօգուտ աշխատանք կատարելու իր խնդրանք-կոչին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհակալություն հայտնելով մեծաթիվ արձագանքների և կարճ ժամանակահատվածում աննախադեպ համախմբման համար՝ Գուրգեն Ներսիսյանը կարևորել է պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանն աջակցելու պատրաստակամությունը:

Պետնախարարի խոսքով, նախաձեռնությունը կնպաստի մեր ներքին զարթոնքին ու ուժերի և հնարավորությունների միավորմանը:

«Բացի հասարակական կազմակերպություններից դիմել են նաև առանձին անհատներ, պետական ու մասնավոր հատվածի աշխատակիցներ: Նախաձեռնության հիմքում միայն ֆիզիկական աշխատանք ապահովելը չէ, այլ առողջ ու կարող ուժերի համախմբումն ու շփումը բնակիչների հետ, նրանց խնդիրներն ու մտահոգությունները լսելը: Սա շատ կարևոր հարթակ է, որը միավորել է թե Ազգային ժողովի պատգամավորին, թե կառավարության ներկայացուցչին, թե հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Ստեփանակերտի ու շրջանային կառույցների ներկայացուցիչներին: Նախաձեռնությունը համարում եմ անհատապես կամ խմբային հոգատարության դրսևորում մեր քաղաքացիների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Հանդիպանը, որին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը, քննարկվել են Արցախի Հանրապետություն տեղափոխված հումանիտար բեռի փաթեթավորման ու բաշխման աշխատանքներին վերաբերող կազմակերպական հարցերը և նախկինում ունեցած համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիները: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ և հստակեցրել առաջիկա անելիքները:

Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտարարել, որ նախաձեռնությանը միանալու համար սպասված են բոլորը: