Պաշտպանության նախարարի փարիզյան այցի ուշագրավ ֆոնը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Պաշտպանության նախարարի այցը տեղի է ունենում մի քանի ուշագրավ հանգամանքների ֆոնին: Նախ`հարկ է նկատել, որ այն հաջորդում է Հայաստան ֆրանսիական պաշտպանական պատվիրակության ժամանմանը, որը գլխավորում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիան:

Հայաստանի ՊՆ-ում տեղի էին ունեցել հայ-ֆրանսիական պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում Հայաստանն ու Ֆրանսիան՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող։ Դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան Երևանին արել է պաշտպանական ոլորտում գործակցության նոր առաջարկ, որը քննարկելու համար էլ առաջացել է Սուրեն Պապիկյանի Փարիզ մեկնելու անհրաժեշտություն:

Միարժեք դժվար է ասել, սակայն հարկ է նկատել նաև, որ ֆրանսիական պաշտպանական պատվիրակության այցից երկու օր անց Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ: Այդ հանդիպումը վկայում է, որ եղել է որևէ կոնկրետ հարցի առարկայական և ինտենսիվ քննարկում: Դեսպանի հետ հանդիպումից երկու օր անց է հայտնի դառնում, որ պաշտպանության նախարարը մեկնում է Ֆրանսիա: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Ֆրանսիայում նշանակվել է նոր վարչապետ և ձևավորվելու է նոր կառավարություն:

Իհարկե, Ֆրանսիան նախագահական մոդելի պետություն է և կառավարության փոփոխությունը չի նշանակում, ըստ էության, իշխանության փոփոխություն, առավել ևս, որ Հայաստանի հետ հարաբերության հարցում, այդուհանդերձ, ֆրանսիական ներքաղաքական դաշտում կա բերակամական մի որոշակի կայուն նշաձող, որը աներեր է թերևս ցանկացած կառավարության պարագայում: Սակայն, այդուհանդերձ, Ֆրանսիայում բավականին խրթին ներքաղաքական վիճակ է, իսկ դա նշանակում է, որ կա թերևս հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության «զարկերակը» որևէ պահ բաց չթողնելու կարիք: Մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք է այն, որ Պապիկյանը Փարիզ մեկնում է ԱՄՆ կատարած այցից հետո:

Նահանգների այցն ուշադրության արժանացավ Պենտագոնում ընդունելությամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի մակարդակով, սակայն այցի արդյունքի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Առավել ևս պետք է նկատել, որ Պապիկյանը հանդիպել է հեռացող վարչակազմի ներկայացուցիչ պաշտպանության նախարարի հետ, մինչդեռ ավելի կարևոր է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի հարաբերությունը նախագահ Թրամփի վարչակազմի հետ, և հատկապես՝ Թրամփի քաղաքականությունն ինչպիսին է լինելու Կովկասի առնչությամբ: Այստեղ կա մեծ հավանականություն, որ այն չի լինելու առաջնահերթություն և չի բացառվում, որ Փարիզը, այդուհանդերձ, Երևանին հորդորել է պաշտպանական ռեֆորմի հարցում ԱՄՆ աջակցության ուղղությամբ ջանքով հանդերձ, կենտրոնանալ առավել իրատեսական և առարկայական՝ հայ-ֆրանսիական գործակցությունը խորացնելու վրա:

Առավել ևս, որ Թրամփի պաշտոնավարման պարագայում անգամ Եվրոպան պատրաստվում է իր պաշտպանական հարցերում այսպես ասած ինքնուրույնության և սեփական ուժերի մոբիլիզացիայի: Իսկ այստեղ, իհարկե, Ֆրանսիայի դերն է լինելու էականներից մեկը: Եվ ի վերջո, Հայաստանի պաշտպանության նախարարի Ֆրանսիա այցը ուշադրության է արժանի թերևս նաև այն ինտենսիվ շփումների ֆոնին, որ այս օրերին թե՛ քաղաքական, թե՛ պաշտպանական մակարդակում իրականացրել են Բաքուն ու Անկարան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *