Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Ըստ հաղորդագրության, որ տարածել է կառավարությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան- ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Վերջին ձևակերպումը, թերևս, առանցքային է, հաշվի առնելով այն իրադրությունն ու գործոնները, որ Կովկասի շուրջ դասավորվել են վերջին օրերի և շաբաթների ընթացքում:
Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցը տեղի է ունենում այն օրը, երբ Բաքվում ու Անկարայում տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական բարձրաստիճան շփումներ: Ադրբեջանում հանդիպել են այդ երկրի պաշտպանության նախարարն ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը, ընդ որում քննարկելով հայ-ադրբեջանական սահմանի «օպերատիվ իրավիճակը», իսկ Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է Ադրբեջանի պետական սահմանային կոմիտեի ղեկավարին:
Եթե դրան ավելացնենք և այն, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էին տեղի ունեցել Էրդողան-Ալիև և Ֆիդան-Բայրամով մակարդակով, ապա առնվազն բավականին նկատելի է դառնում թուրք-ադրբեջանական որոշակի «օպերատիվ խոսակցություն»՝ ստեղծված իրավիճակի ֆոնին: Այս համատեքստում, երբ Հայաստանի վարչապետն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկում են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր, ապա մեծ հավանականությամբ հենց դա է եղել հեռախոսազրույցի բուն մոտիվը: Ի՞նչ կարող է անել Եվրոպայի Խորհուրդը ռեգիոնալ կայունության համար, եթե հաշվի առնենք, որ այսօր, ըստ էության, անգործության կամ անաշխատունակության են մատնված բոլոր միջազգային կառույցները:
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունենում մի կառույցի գլխավոր քարտուղարի հետ, որը պարզապես միջազգային կազմակերպություն կամ կառույց չէ: Կովկասը 2001 թվականից Եվրոպայի Խորհրդի տարածք է, այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ դրան անդամակցել են Հայաստանն ու Ադրբեջանը, պարտավորվելով հարգել ԵԽ արժեքներն ու հարաբերությունների նորմերը, մասնավորապես խնդիրներն ու հակամարտությունները կարգավորել խաղաղ երկխոսության միջոցով: Ադրբեջանը, իհարկե, Արցախի դեմ ագրեսիայով խախտել է Եվրոպայի Խորհրդի անդամակցության սկզբունքը:
Սակայն դա ամենևին չի չեղարկում այդ սկզբունքի համար պատասխանատվությունն ու հանձնառությունը, որ ունի ԵԽ-ն, այդ թվում որպես Հայաստանն ու Ադրբեջանը ներառող կառույց: Եվ առավել ևս, որ Եվրոպայի Խորհուրդը իր վերաբերմունքը ունի Ուկրաինայի հանդեպ ՌԴ գործողությունների առնչությամբ, ներառյալ այն պատժամիջոցները, որոնք ԵԽ գծով ևս առկա են: Առնվազն տարօրինակ կլինի, եթե Եվրոպայի Խորհուրդը որևէ այլ վերաբերմունք ունենա Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի գործողությունների պարագայում, և այդ վերաբերմունքը որևէ կերպ տարբերվի օրինակ ՌԴ հանդեպ ԵԽ վերաբերմունքից:
Այդ դիրքորոշման մոգական ուժի առնչությամբ պատրանք բնականաբար պետք չէ, սակայն նվազագույնը, որ պարտավոր է անել Եվրոպայի Խորհուրդը, դա Ադրբեջանին աներկբա զգուշացնելն է, որ ԵԽ անդամ մեկ այլ երկրի հանդեպ ռազմական որևէ սադրանք կարժանանա կազմակերպության գործիքակազմի հնարավոր ամբողջ խստությանը: Հակառակ պարագայում, պարզապես ամբողջ «հասակով» հստակ կլինի Եվրոպայի Խորհրդի բովանդակազուրկ լինելը: