Թուրքիայի օդուժի ի՞նչ գործն է հայ-ադրբեջանական սահմանի թեման

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում Հասանովը թուրք բարձրաստիճան զինվորականին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը՝ խոսելով Հայաստանի «սպառազինման բացասական ազդեցության» մասին: Սա Ադրբեջանի քարոզչական «երգն» է, որով փորձում է Հայաստանին վերագրել ագրեսիվ մտադրություններ, որ իրականում ունի հենց ինքը:

Բայց հենց սա էլ ուշադրության և մտահոգության առարկան է, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկում է սահմանի օպերատիվ իրավիճակը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ: Թուրքիայի ռազմաօդային ուժերը ֆունկցիոնալ առումով ի՞նչ գործ ունեն հայ-ադրբեջանական սահմանի հետ: Ըստ այդմ՝ Հասանովի և Քադրօղլուի հանդիպմանն այդ թեմայի շոշափումը առաջացնում է կասկածներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի մտադրությունների վերաբերյալ:

Առավել ևս, որ վերջին օրերին դա Բաքու-Անկարա տիրույթում փաստորեն այսպես ասած շփումների երրորդ շերտն է՝ Էրդողան-Ալիև հեռախոսազրույց, հեռախոսազրույց Ֆիդանի և Բայրամովի միջև, և հիմա Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այց Բաքու և Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հետ հայ-ադրբեջանական սահմանային օպերատիվ իրավիճակի քննարկում: Ադրբեջանը փորձում է Թուրքիայի համաձայնությու՞նը ստանալ որևէ գործողության համար, թե՞ համաձայնությունը ստացել է և այժմ քննարկում է դետալները:

Թուրք-ադրբեջանական այս շփումները ուշադրության են արժանի ոչ միայն ինքնին սիրիական իրադարձությունների ֆոնին, այլ նաև դրանից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Իսրայել կատարած այցի և այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած մի շարք հանդիպումների ֆոնին: Իսրայելի համար Ադրբեջանը Իրանի հանդեպ ճնշման հենակետ է և չի բացառվում, որ Թել Ավիվը փորձում է Բաքվին մղել գործողությունների, որը կպղտորի ռեգիոնն ու հնարավորութուն կտա նաև հիբրիդային գրոհներ ձեռնարկել Իրանի դեմ՝ Ադրբեջանում գտնվող իսրայելական հենակետերից:

Անկարան կմիանա՞ Իսրայելին: Մյուս կողմից, իրավիճակը հարկ է դիտարկել թերևս ամենեւին ոչ միայն ռեգիոնալ մեծ լարման համատեքստում: Բոլորովին բացառված չէ, որ Ադրբեջանը պարզապես փորձի օգտվել իրավիճակից և ստանալ Հայաստանի դեմ սահմանափակ ուժի կիրառման «թույլտվություն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *