Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ Բաքուն հետապնդում է և ճնշում գործադրում քաղհասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ: Էնթոնի Բլինքենը նաև կոչ էր արել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատել անկախ լրագրողներին և այլ անձանց, որոնք անարդարացիորեն ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց գործունեության համար: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հակաադրբեջանական է որակել Բլինքենի խոսքերը:
«Խստորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ պետքարտուղարի կողմնակալ հայտարարությունը, որը խեղաթյուրում է մեր երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը»,- հայտարարել է Հաջիզադեն, մեղադրել Վաշինգտոնին հանրապետությունում դատական և իրավական գործընթացին միջամտելու համար:
Նա հավելել է, թե Էնթոնի Բլինքենը երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում, ինչը, իբր, կաթվածահար է արել Վաշինգտոնի դերակատարումը Հարավային Կովկասում։ Հաջիզադեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջան-ԱՄՆ բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն: