• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վրաստանում զբոսաշրջությունից ստացած եկամուտն այս տարի կգերազանցի $3 միլիարդը

ByEditor

Nov 25, 2022

Զբոսաշրջության ոլորտում Վրաստանի ստացած եկամուտը 2022 թվականի ավարտին կգերազանցի $3 միլիարդը, նախօրեին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։

«Այս ցուցանիշն ուղղակիորեն ազդում է նոր աշխատատեղերի ստեղծման եւ տեղի բնակիչների բարեկեցության բարելավման վրա»,- Կվրիվիշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է փոխնախարարը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր կոմիտեի նիստում, նման եկամուտ ակնկալելու պատճառն այն է, որ Վրաստանը կարողացել է 100%-ով վերականգնել զբոսաշրջության ոլորտում մինչհամավարակային շահույթի ցուցանիշները։

Մարոկկոյում ընթանում է UNWTO-ի գործադիր կոմիտեի 117-րդ նիստը, որտեղ քննարկվում են զբոսաշրջության եւ ճանապարհորդության ոլորտի արդիական հարցերը։

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնել էր, որ այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է ավելի քան $2,8 միլիարդ։

Ինչպես նշվել էր, ընթացիկ տարվա 10 ամսվա շահույթը 183,2%-ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշներից։ Միայն հոկտեմբերին երկիրը զբոսաշրջությունից վաստակել է գրեթե $338 միլիոն, ինչը 137,1%-ով ավելի է 2021 թվականի հոկտեմբերի համեմատ։

Ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան է իրականացվել ավելի քան 4,3 միլիոն զբոսաշրջային ուղեւորություն, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան 2021 թվականին։ Ռուսաստանը, Թուրքիան եւ Հայաստանը այն երկրներն են, որտեղից հանգստացողներն ամենից հաճախ են ժամանում Վրաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *