Դեկտեմբերի 8-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն այցելել է Գոլանի բարձունքներ: Նախօրեին Սիրիայի զորքերը լքել են այդ հատվածում 1974թ. համաձայնագրով հաստատված բուֆերային գոտին, որտեղ տեղաբաշխվել են իսրայելական բանակի հատուկ նշանակության և դեսանտային ստորաբաժանումներ, ինչպես նաև ծանր զրահատեխնիկա:
Ձեռնարկված քայլերն Իսրայելի վարչապետը որակել է «ինքնապաշտպանական և ժամանակավոր»: Ավելի հասցեական արտահայտվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հալևին: Նրա գնահատմամբ՝ Սիրիայում իշխանության են եկել իսլամ արմատականները, ընդ որում նրանք միասնական չեն, տարբեր խմբավորումներից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները:
Հալևին «Գոլանի» զորամիավորման նորակոչիկների հետ հանդիպմանն ասել է, որ Իսրայելը դեկտեմբերի 8-ից արդեն չորս ճակատ ունի՝ Գազա, Լիբանանի հարավ, Հուդեա և Սամարիա, «իսկ աժմ արդեն Սիրիա, որտեղ դուք շուտով կկռվեք»:
Ավելի վաղ վարչապետ Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը «ոչ մի թշնամական խմբավորման ներկայություն իր սահմանների մոտ չի հանդուրժի»: Իշխող տեսակետ է, որ Սիրիայի վարչախմբի անկման հովանավորը Թուրքիան է: Գլխավոր շտաբի պետ Հալևին արձանագրել է, որ Իրանը և «Հեզբոլլան» Սիրիայից հեռացել են:
Այս տրամաբանությամբ՝ «Գոլանի» զորամիավորման նորակոչիկները, եթե նրանք իրոք Սիրիայում պիտի կռվեն, ի՞նչ հակառակորդ են ունենալու, խոսքը թուրքամետ զինված խմբավորումների՞ մասին է, թե Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետն այլ հակառակորդի է նկատի ունեցել:
Խնդիրն, ըստ էության, այն է, թե Բաշար Ասադի բռնապետությունն ի՞նչ վարչակազմով է փոխարինվելու: Եթե Իսրայելը նաև Սիրիայում է տևական պատերազմի պատրաստվում, ուրեմն Երուսաղեմում հակված են այն զարգացմանը, որ Դամասկոսում հաստատվելու է «ջիհադիստական իշխանություն»: Սիրիայի աշխարիկ-ինկլյուզիվ կառավարությունն Իսրայելին սպառնալիք չի լինի:
Այս համատեքստում Բաքվի լրատվամիջոցները փոխանցում են Իսրայելի արտգործնախարարության սոցցանցային գրառումը, ըստ որի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Երուսաղեմում հանդիպել է հրեական պետության արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխարտգործնախարար Շարեն Հեսկելը:
Այդ հանդիպման մասին որևէ այլ տեղեկություն հայտնի չէ, ոչինչ չեն փոխանցում նաև իսրայելական հասանելի աղբյուրները: Ուշագրավ է, որ Ալիևն իր օգնականին Երուսաղեմ է գործուղել Ասադի վարչախմբի անկման հաջորդ օրը: Արժե թերևս հիշեցնել, որ Իսրայելի նախագահի Բաքու այցը չի կայացել Ռեջեպ Թայիփ Էրդողանի անհատական որոշմամբ:
Մերձավոր Արևելքում սկզբունքորեն նոր իրավիճակ է: Եվ Ալիևն առաջին խորհրդատվություններն անցկացնում է ոչ թե Անկարայում, այլ Երուսաղեմում: Կա՞ Սիրիայում իսրայելա-թուրքական ռազմական բախման սպառնալիք: Գուցե Ալիևը փորձում է Էրդողան-Նաթանյահու երկխոսության միջնո՞րդ լինել: