• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Շուրջ 1200 բեռնատարների թույլ չեն տալիս գնալ Վերին Լարս կամ վերադառնալ ՀՀ. ընդդիմադիր պատգամավորն ահազանգում է

ByEditor

Nov 15, 2022

Շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում արդեն տևական ժամանակ կանգնած են Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում։ ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, ի դեպ, այսօր է ստանձնել պատգամավորական մանդատը։

«Նրանց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան` Վերին Լարս և հետագա ժամանման վայր։ Բացակայում են տարրական կենցաղային պայմանները, թույլ չեն տալիս բեռնատարներին Հայաստան վերադառնալ։ Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ»,–ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` այդ արգելքի պատճառով փչանալու վտանգի առաջ են տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, միջազգային առևտրային մի շարք պայմանագրեր կարող են տապալվել։

Դանիելյանը նշեց` արդեն 2 օր է, ինչ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից չի կարողանում հանգամանալից պատասխան ստանալ։

Հիշեցնենք, Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի բացառում, որ իրավիճակը որոշակիորեն կբարելավվի անցակետում լրացուցիչ գծերի բացումից հետո (նախատեսվում է նոյեմբերին,- խմբ.)։

Իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:

Բանն այն է, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը պարբերաբար փակվում է։

Հիշեցնենք, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *