Լոռու մարզում մայիսին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ավերված երկաթուղու վերականգնման աշխատանքներին ծանոթանալու համար այսօր մարզ է այցելել Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Հարավկովկասյան երկաթուղին է այս մասին հաղորդագրություն տարածել․
«Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները ուղեկցել են Օվերչուկին։
Նրանք էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում:
Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ:
Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։
Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել է հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ:
Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ: