Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը։ Այս մասին Կառավարությանն ահազանգում է Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության Խորհուրդը։
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 75 000 դրամ, իսկ նվազագույն զամբյուղի արժեքը 2024թ․ 2-րդ եռամսյակում կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը։
«Հաշվի առնելով նաև, որ համաձայն վիճակագրական կոմիտեի տրամադրած վերջին տվյալների՝ ՀՀ տնային տնտեսություններում ընտանիքի անդամների միջինացված քանակը 3.4 հոգի է՝ պարզ է դառնում, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով պայմանավորված վարձատրությունը բավարար չեն ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար, հատկապես այն դեպքում, երբ աշխատողների զգալի մասն ունի հիփոթեքային վարկեր, ապրում է վարձակալությամբ, ընտանիքում ունի վճարովի հիմունքներով սովորող ուսանողներ և այլն»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի ու նվազագույն աշխատավարձի տարբերության և այլ խնդիրների մասին Banksnews.am-ը զրուցել է տնտեսագետ, գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
– Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձը։ Արդյո՞ք այս ցուցանիշը համեմատելի է աշխարհում, մասնավորապես տարածաշրջանում եղած ցուցանիշի հետ. ո՞րն է սրա պատճառը և ինչ խնդիրներ է այն առաջացնում։
-Հայաստանի Հանրապետությունում նվազագույն զամբյուղը շատ կապված է նվազագույն աշխատավարձի հետ։ Տարիներ շարունակ նվազագույն աշխատավարձը եղել է 30,000, 42,000, մինչև 60000-78000։ Դրա հիմնական նպատակը եղել է այն, որ աղքատությունը հաղթահարվեր՝ նվազագույն աշխատավարձի շեմը սահմանելով։ Մնացած աշխատավարձերը պետք է նվազագույն աշխատավարձից բարձր լինեն տարբեր տնտեսության ճյուղերում։ Հետևաբար նվազագույն աշխատավարձը բարձրացնելը 2 նպատակ ուներ․ մեկը, որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդը կարողանար գոնե նվազագույն զամբյուղն ապահովել, որի մեջ մտնում է՝ սնունդ, դեղորայք, կենցաղային վճարներ և այլն։ Երկրորդը՝ նվազագույն աշխատավարձ դնելով` մենք սահմանում ենք արտադրողականության տեսանկյունից նվազագույն մակարդակ, ըստ որի՝ մյուս ճյուղերն ավելի բարձր պետք է դնեին։ Իհարկե, ոչ միշտ է եղել, որ նվազագույն աշխատավարձը համապատասխանել է տնտեսական զարգացման տեմպերին, բայց ներկայում կարող եմ ասել, որ եթե նախորդ տարիներին կար դժգոհություն կամ ըմբոստացում, և աշխատավարձը բարձրացրեց կառավարությունը, հիմա արդեն նվազագույն աշխատավարձ ստացողները շատ քիչ են, և նվազագույն աշխատավարձ ստանում են հիմնականում բավականին պարզունակ աշխատանք կատարող մարդիկ, որոնք կարող է նույնիսկ ամբողջ դրույքով չեն աշխատում։ Դա պայմանավորված է երկու բանով․ Հայաստանում էներգակիրները թանկացան տարիներ առաջ, դրանց թանկացումը բերեց կենցաղային ապրանքների թանկացման։ Հետևաբար, այդ առումով նաև նվազագույն զամբյուղը չէր համապատասխանում։ Երկրորդ՝ տեղի ունեցավ դեղորայքի թանկացում, որը պետք է նվազագույն զամբյուղն ապահովեր։
Նվազագույն զամբյուղի իմաստն այն է, որ մի հոգին, ստանալով նվազագույն աշխատավարձ, նվազագույն զամբյուղը կարողանա ապահովել։ Թե՛ իր աշխատավարձի միջոցով, թե՛ իր հարազատները պետք է օգնեն, որ այդ զամբյուղը ապահովվի, համենայն դեպս այդ նվազագույն զամբյուղն այսօր գտնվում է արդեն նվազագույն աշխատավարձից բարձր։
Տարբեր սննդամթերքներ թանկացան, հատկապես՝ կորոնավիրուսից, պատերազմից հետո, սեզոնայնությունից կախված՝ մրգեր, բանջարեղեններ, որոնք մարդն իր գոյության համար պետք է օգտագործի որոշակի ռացիոնով՝ ձու, կարագ, հացամթերք, մսամթերք, ընդեղեն, որոնք վիտամինների, առողջության համար նվազագույն կալորիականություն պետք է ապահովեն։ Այդ զամբյուղի արժեքը մեզ մոտ տարիներ շարունակ միշտ հեռու է եղել նվազագույն աշխատավարձից, մոտեցինք։ Մի երկու տարի լավ էր, բայց հիմա նորից այս վերջին թանկացումներից հետո ավելի բարձր է։
Պետությունն ավելացնում է կենսաթոշակը, որ գոնե կենսաթոշակը նվազագույնն ապահովի, բայց ոչ բոլորի համար է կենսաթոշակն այնքան բարձր, որ նվազագույն զամբյուղն ապահովվի։ Տարածաշրջանում, եթե նայում ենք, Ռուսաստանն ու Բելառուսն են այդ կողմից առաջատար, որ իրենք էլ են փորձում՝ նվազագույն զամբյուղը լինի ավելի ցածր, քան նվազագույն աշխատավարձն է։ Բայց պետություններում ընթացող վերադասավորումները՝ պատերազմ, սանկցիաներ և այլն, խախտում են այդ գրաֆիկը՝ նախատեսած ժամանակացույցը։
Հիմա Հայաստանում նաև մի խնդիր կա, որ մենք նկատել ենք. մենք էժան մթերքներ ենք ներառել նվազագույն զամբյուղի մեջ, հատկապես՝ հացաբուլկեղենը շատ գերակշռող մաս է կազմում զամբյուղի մեջ, որ նվազագույն զամբյուղը էժան ցույց տանք, բայց իրականում ինքն ավելի բարձր պետք է լինի, որ մարդուն համապատասխան կալորիականությամբ սնունդ ապահովի։
Եթե մենք նվազագույն զամբյուղում ներառենք ճիշտ կալորիականությամբ ապրանքներ, մթերքներ, նվազագույն զամբյուղն ավելի կաճի, նվազագույն աշխատավարձից ավելի մեծ հեռավորություն կունենա։ Մեզ մոտ վիճակագրական առումով էլ կա որոշակի խորամանկություն, որ նվազագույն զամբյուղն ու նվազագույն աշխատավարձը իրար մոտեցնելու համար էժան ապրանքներով ենք լցնում։ Այդ էժան ապրանքները մարդու առողջությունը լիարժեք չեն ապահովվում, և նրա վիտամինների, կալորիականության տեսանկյունից թույլ են, և դրա հետևանքով կա աղքատություն։
Պատահական չէ, որ շատ համայնքներում մարդիկ թերսնվում են, և ամուսնության արդյունքում ծնվում են երեխաներ՝ թույլ, հիվանդ, որն էլ Հայաստանում առողջապահական մեծ խնդիրներ է առաջացնում, ոչ միայն ծանր հիվանդությունների, այլև օրգանիզմի ճիշտ աճի վիտամինների և ոսկորների ամրության տեսանկյունից, որի պատճառով տուժում է երեխաների ուսումը։ Թերսնումն ու ուղեղի զարգացվածությունը չի համապատասխանում այսօրվա կրթական համակարգին։
-Իսկ տարածաշրջանի մյուս երկրները ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, ինչ վիճակում է այստեղ նվազագույն զամբյուղի ու նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը։
– Թուրքիայում, Իրանում էլ վատ է, Ադրբեջանն էլ աչքի չի ընկնում։ Եթե մենք նայում ենք համախառն ներքին արդյունքի ցուցանիշին, Հայաստանում աճել է։ Այս երկրներին հավասար է դարձել կամ որոշ դեպքերում նաև աճել է։ Աշխարհի զարգացած երկրներում է դա լավ վիճակում, հատկապես՝ Եվրոպա, ԱՄՆ, Սինգապուր, Կանադա և այլն, որոնք ունեն շատ բարձր համակարգ. և՛ մեկ շնչին հասնող համախառն արդյունքն է բարձր, և՛ առողջապահական համակարգն է ավելի ճիշտ արձագանքում, և՛ սննդամթերքի նկատմամբ հետևողականութունն է ավելի ճիշտ՝ ինչ ուտել, ինչպես ուտել, երբ ուտել։ Մշակույթը փոխվում է։
Հայաստանում ուղղակի մի քիչ փրկում է այն, որ էկոլոգիապես մաքուր սնունդ կա, հատկապես՝ համայնքներում, գյուղերում։ Հայաստանում սնվելու կուլտուրան զարգացած չէ։ Դրա համար ավելորդ քաշ, ճարպակալություն ունենք։ Նվազագույն զամբյուղի ձևավորման տեսանկյունից բացի մթերքները, կալորիականությունը, նաև կարևոր է, թե ինչ մշակույթ ունենք այն օգտագործելու և ինչպես ենք պատկերացնում մեր սնունդը ճիշտ պահպանելը։
– Իսկ Կառավարությունից ի՞նչ քայլեր պետք է սպասենք այս հարաբերակցությունը փոխելու հետ կապված։
– Կառավարությունն ինչ-որ քայլեր կատարում է, ունի պլան նվազագույն աշխատավարձը էլի բարձրացնելու 2026 թ․-ին, շուրջ 80000-ի է հասնելու։ Ի՞նչ պիտի անի պետությունը։ Միայն նվազագույն աշխատավարձ բարձրացնելը կամ առողջապահական խնդիրներ լուծելը բավարար չէ։ Շատ կարևոր է, որ երկրում նաև բարձրանա արտադրանքների տեսականին և արտադրողականությունը։ Այսինքն՝ մենք կարողանանք ստեղծել սեփական արտադրանքները, որոնք կլինեն ավելի մատչելի, հասանելի։ Որովհետև այստեղ մենք գալիս ենք նաև պարենի անվտանգության խնդիրների։ Նվազագույն զամբյուղի մեջ կարևոր նշանակություն ունի պարենը։
Պարենի գինը պետք է լինի էժան, հասանելիությունն էլ լինի լավ՝ տնտեսական և ֆիզիկական առումով։ Մեզ մոտ Հայաստանը պարենի անվտանգության 2 ցուցանիշով է շարժվում՝ տնտեսական և ֆիզիկական։ Հայաստանում դրված է ֆիզիկական ցուցանիշը։ Այսինքն` ապրանքները լինեն ֆիզիկապես, տնտեսապես էլ ներմուծելու և արտահանելու շնորհիվ լինի այնքան քանակ, որ ֆիզիկական հասանելիությունը լինի ապահովված։ Պետության դերը նաև պիտի կայանա պարեն ստեղծելու մեջ՝ ինքն իր սեփական արտադրությունով ստեղծի հնարավորություններ և ավելի էժանացնի զամբյուղը։
Երկրորդը՝ էներգակիրների ոլորտի մոդեռնիզացիայով բերել էներգետիկ ռեսուրսների էժանացման։ Ջուրը հսկայական կորուստներ է տալիս, դրա համար ջուրը թանկ է մնում, հոսանքը թանկ է, գազը թանկ է ու ստացվում է ի՞նչ` շատ համայնքներում մարդիկ հարկադրված չեն օգտագործում այդ էներգակիրները։ Նրանք փայտ են վառում, աթար են վառում, որպեսզի կարողանան այդ էներգակիրների խնդիրները հաղթահարել։
– Հայաստանում մեծ է չաշխատող երիտասարդների թիվը, արդյոք սրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ աշխատավարձերն այնքան ցածր են, որ մարդիկ չեն կարողանում բավարարել իրենց նվազագույն պահանջները։
– Առաջին պատճառն այն է , որ երիտասարդները կրթություն են ստանում՝ բակալավրի, քիչ մասը մագիստրոսի, և էլ չեն շարունակում կրթվել։ Պետք է կրթվեն, կարդան, իրենք իրենց զարգացման վրա պիտի աշխատեն։
Երկրորդ պատճառն այն է, որ հաճախ ավարտում են այնպիսի մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում այդքան էլ պահանջված չեն։ Հատկապես աղջիկները դիպլոմը վերցնում ու նստում են տանը, և չեն էլ կրթվում, նոր մասնագիտություն չեն ստանում, որը կարող է շուկայում պահանջված լինել։
Երրորդ պատճառը ծուլությունն է, ուզում են չչարչարվել, հեշտությամբ փող ստանալ, աղմկոտ տեղեր չաշխատել, միանգամից մեծ գումարներ ստանալ։ Մեզ մոտ ամենաբարձր աշխատավարձը՝ 1-1․2 մլն դրամ, ստանում են ՏՏ ոլորտի աշխատակիցները։ Երկրորդ տեղում հանքարդյունաբերական ոլորտն է, հետո՝ ֆինանսական, բանկային համակարգն է։ Չորրորդ տեղում՝ շինարարություն, և հինգերորդ տեղում՝ արդյունաբերություն, նրանք ստանում են 180000 դրամի կարգի։
Հիմա երիտասարդներին, որ հարցնես 250 000 դրամով կգնա՞ս աշխատես, կարող է շատերը չուզենան։ Իրենք չեն ցանկանա այդքանով գնալ, աշխատել, կյանքի փորձ ձեռք բերել, աշխատանքի, հարաբերվելու փորձ, հետո արդեն կամաց-կամաց գնալ առաջ։ Միանգամից կարող է ուզենան ստանալ շուրջ 300 000-400 000 դրամ։
Բացի այդ՝ միջին ամսական աշխատավարձը Երևանում մի թիվ է, իսկ մարզերում 1․8 անգամ պակաս։ Մարզային երիտասարդությունը կամ պիտի այդ ցածր աշխատավարձով աշխատի, կամ տեղափոխվում է Երևան։ Երևանում էլ տնտեսական աճ կա, բայց տնտեսական աճի մեծ մասը պայմանավորված է վերաարտահանումով և այլն։ Չի ստեղծվում այն տնտեսական էֆեկտը, որը իրական տնտեսության աճի դեպքում կարող է շուրջ 5-6 տոկոս լինել։
Պետությունը պետք է համայնքներում շատ ենթակառուցվածքներ ստեղծի, համայնքային նշանակության արտադրություններ, մարզերում պիտի ստեղծվեն նոը աշխատատեղեր, տնտեսության մեջ պետությունը միշտ իր կարգավորող դերը պիտի ունենա։