ՊԵԿ-ի արձագանքը՝ գազալցակայաններում անկանխիկ վճարման մասով արհեստական խոչընդոտներ ստեղծելու պատգամավորների մտահոգություններին

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի նիստում բենզալցակայանների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու և գազալցակայաններում անկանխիկ վճարումների ընդունման հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելու շուրջ ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները, հայտնում է, որ որոշ դեպքերում կիսում է առկա մտահոգությունները, միաժամանակ ընդգծում է, որ վերոնշյալ ոլորտը ՊԵԿ-ի առանձնահատուկ ուշադրության ներքո է:
«ՊԵԿ-ը շնորհակալ է բոլոր պատգամավորներին, որոնք բարձրաձայնում են հարկային կարգապահությանն առնչվող խնդիրները, ինչն օգնում է ՊԵԿ-ին բարելավել վարչարարությունը և կենտրոնանալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել բենզա- և գազալցակայաններում ՊԵԿ իրականացրած հսկողական գործողությունների և դրանց արդյունքների մասին:
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 60 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 68 միլիոն 563 հազար դրամ, օրինակ՝ «Մեգա թրեյդ» ընկերությանն առաջադրված տուգանքի չափը կազմել է 13 միլիոն 88 հազար դրամ, «Ֆլեշ» և «Սի Փի Էս էներջի գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն դրամի չափով, իսկ «Արմ պետրոլ»-ը՝ ընդհանուր 11 միլիոն 12 հազար դրամ։ Ավտոգազալցականի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումների 25 դեպք, տուգանքի չափը կազմել է շուրջ 23 միլիոն դրամ, օրինակ՝ «Գազ-պրոպան» ընկերությանն առաջադրվել է 8 մլն 363 հազար դրամի չափով տուգանք։
Ավտոգազալցակայաններում (ԱԳԼՃԿ) չափագրման ուսումնասիրությունների շրջանակում 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին հայտնաբերված պակասորդների գծով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է շուրջ 2․026 միլիարդ տուգանք, օրինակ՝ «Օլիվեստա» ընկերությանն առաջադրվել է ավելի քան 743 մլն դրամի չափով տուգանք, իսկ «Ջի Բի Ար» ընկերությանը՝ ավելի քան 506 մլն դրամ տուգանք։
2023-2024 թվականներին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, վառելիքի ոլորտում (բենզին, դիզել, հեղուկ գազ) գործունեություն իրականացնող տնտեսվարողների նկատմամբ, ձեռնարկվել է 41 օպերատիվ հետախուզական միջոցառում, որի արդյունքում 35 հարկ վճարողի վերաբերյալ կատարվել են պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ՝ ավելի քան 6․6 մլրդ դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են 19 քրեական վարույթներ։ Օրինակ՝ «Վ.Ավետիսյան» ՍՊԸ-ի, Ռոբերտ Շահնազարյան Ա/Ձ-ի, «Լիդեր-օիլ» ՍՊԸ-ի, Դավիթ Բոբոխյան Ա/Ձ-Ի, «Մարնի» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում վնասի չափը կազմել է ավելի քան 1․9 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Գազ-պրոպան» ՍՊԸ-ի մասով վնասի չափը կազմել է 38․579․746 ՀՀ դրամ։
Ինչ վերաբերում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությանը՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է օրենքի պահանջների խախտման 928 դեպք և առաջադրվել է 313 մլն 600 հազար դրամի չափով տուգանք, օրինակ՝ «Կոկո բյութի», Քրիստինե Հակոբյան, Մարտին Խաչատրյան, Արտակ Խաչատրյան, Շահեն Առաքելյան, Տիգրան Սարգսյան ընկերություններից յուրաքանչյուրին առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվումՀԴՄ կտրոնների) տվյալներով 2024 թվականի հունվար-օգոտոս ամիսների ընթացքում իրականացվել է 469.6 մլն գործարք 8 տրլն 577.8 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշըքանակային 49.2 մլն գործարքով կամ 11.7%-ով, իսկ արժեքային 1 տրլն 113.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14.9%-ով: Այդ թվումմիայն ՀԴՄ գործարքների տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 438.4 մլն գործարք 1 տրլն 835.2 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշըքանակային 40.8 մլն գործարքով կամ 10.3%-ով, իսկ արժեքային 130.7 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրականացվել է 93.4 մլն անկանխիկ գործարք561.4 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը ևս գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը քանակային 43.2 մլն անկանխիկ գործարքով կամ 86.1%-ով, իսկ արժեքային` 170.4 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:
Միաժամանակ արձանագրում ենք, որ այս գործողությունները բավարար չեն, և ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է օրինապահ հարկ վճարողներին պաշտպանելը և ապահովելը, որպեսզի ոչ օրինապահ հարկ վճարողի կողմից հարկերից խուսափելը լինի «ոչ ձեռնտու»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *