Միրզոյանը կհանդիպի՞ Բայրամովին

Հայտնի է դարձել, որ Հայաստանի ԱԳ նախարարն ապրիլի 12-ին կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ամենամյա ֆորումին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆորումի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Իսկ արդյո՞ք դրանց շարքում կլինի հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:

Այս օրերին հայաստանյան մամուլում տարածվեց անանուն տեղեկություն, որ Աստանայից վերադառնալիս, ուր պաշտոնական այց էր կատարել մարտի վերջին, Արարատ Միրզոյանը Դուբայում ոչ հրապարակային հանդիպում է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարարությունը հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ Արարատ Միրզոյանը Աստանայից վերադարձել է տարանցիկ երթուղով, որն անցել է Դուբայով, բայց այնտեղ չի ունեցել գիշերակաց և չի ունեցել որևէ գաղտնի հանդիպում:

Պաշտոնական մակարդակում Արարատ Միրզոյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում: ՄԱԿ ԳԱ հերթական նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով: Եվ մի հանդիպման առաջարկ ամերիկյան կողմն արել էր արդեն նոյեմբերին՝ Մալթայում կայացող ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել էր այդ առաջարկից:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ պահին այլևս հայտնի էր, որ ԱՄՆ նախագահի ընտրությանը հաղթել է Դոնալդ Թրամփը: Չնայած հանդիպումների բացակայությանը, Երևանը մարտին հայտարարեց, որ համաձայնել է խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին և այդպիսով բանակցությունը պայմանագրի տեքստի շուրջ ավարտված է: Բանակցությունն ավարտված է, բայց Բաքուն ստորագրելու համար առաջ է քաշում հայտնի նախապայմանները:

Երևանը միևնույն ժամանակ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ վարչապետի մակարդակով հայտարարել է ստորագրելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին: Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել նախապայմանները: Այդ ֆոնին Անթալիայի դիվանագիտական ֆորումը փաստորեն Հայաստանի և Ադրբեջանի նախարարների մասնակցությամբ միջոցառում է, ինչի առիթով էլ առաջանում է հարց՝ արդյո՞ք կլինի Միրզոյան-Բայրամով հանդիպում: Թուրքական կողմը՝ որպես կազմակերպիչ, կփորձի՞ կազմակերպել նաև այդ հանդիպումը: Նախորդ տարի նույն ֆորումի ընթացքում, որ տեղի է ունեցել 2024-ի մարտին, Միրզոյան-Բայրամով հանդիպում կայացել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *